ՀՈԲ 1

1
Սատանան փորձում է Հոբին
1Հուս երկրում մի մարդ կար, անունը՝ Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար և աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։ 2Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ուներ։ 3Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։
4Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։ Մարդ էին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։ 5Երբ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբն ուղարկում, նրանց մաքրագործում էր։ Առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. «Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել»։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։
6Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։ 7Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ 8Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։ 9Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մի՞թե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության. 10չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ 11Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր, նրա ողջ ունեցվածքին դիպի՛ր ու կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ 12Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։
Հոբը կորցնում է զավակներին և հարստությունը
13Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։ 14Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին, 15սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ 16Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ 17Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ 18Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Մինչ որդիներդ ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում, 19անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։
20Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց 21և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։ 22Այս ամենում Հոբը չմեղանչեց և Աստծու հանդեպ անզգամություն չարեց։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք