ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:1-9

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:1-9 ՆՎԱԱ

Շաբաթվա առաջին օրն արշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։ Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։ Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։ Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։ Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։ Ապա նրա հետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ։ Իսկ վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին տեղում էր ծալված դրված։ Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել. տեսավ ու հավատաց։ Որովհետև դեռ չէին հասկացել գրվածը. «Նա մեռելներից հարություն պիտի առնի»։