ՀՈՎՀԱՆՆԵՍ 20

20
Հիսուսի հարությունը
(Մտթ. 28.1-8, Մրկ. 16.1-8, Ղուկ. 24.1-12)
1Շաբաթվա առաջին օրն#20.1 Այսինքն՝ «կիրակի»։ արշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։ 2Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։ 3Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։ 4Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։ 5Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։ 6Ապա նրա հետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ։ 7Իսկ վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին տեղում էր ծալված դրված։ 8Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել. տեսավ ու հավատաց։ 9Որովհետև դեռ չէին հասկացել գրվածը. «Նա մեռելներից հարություն պիտի առնի»։ 10Աշակերտները դարձյալ տուն գնացին։
Հիսուսի երևումները
(Մտթ. 28.9-10, Մրկ. 16.9-14, Ղուկ. 24.13-49)
11Բայց Մարիամը դրսում, գերեզմանի մոտ կանգնած, լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը։ 12Եվ տեսավ երկու հրեշտակների՝ սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի։ 13Եվ նրանք ասացին նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը վերցրել են, ու չգիտեմ, թե որտե՛ղ են դրել նրան»։ 14Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ 15Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ 16Հիսուսն ասաց նրան. «Մարիա՛մ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբո՛ւնի», որ «Վարդապետ» է նշանակում։ 17Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. բայց դու իմ եղբայրների մո՛տ գնա ու ասա՛ նրանց. "Ես իմ Հոր և ձեր Հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ"»։ 18Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և որ նա իրեն այս բաներն է ասել։
19Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 20Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ 21Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ 22Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ 23Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։
Անհավատ Թովմասը
24Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ 26Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 27Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ 28Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ 29Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։
30Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ 31Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք