ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:10-27

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:10-27 ՆՎԱԱ

Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։ Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։ Դուք ինձ "Վարդապետ" և "Տեր" եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։ Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ Ձեր բոլորի համար չեմ ասում այդ. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է. "Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ" . ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին»։ Երբ Հիսուսն այս բաներն ասաց, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»։ Աշակերտները տարակուսանքով միմյանց էին նայում, թե ո՛ւմ մասին է ասում։ Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նրա կողքին էր նստած։ Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։ Այդժամ նա հենվեց Հիսուսի կրծքին և նրան հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է նա»։ Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։ Հացը վերցնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Ինչ որ անելու ես, արա՛գ արա»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:10-27 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր