ԵՐԵՄԻԱ 50

50
Բաբելոնի գրավումը
1Խոսքը, որ Տերը խոսեց Երեմիա մարգարեի միջոցով քաղդեացիների երկրի՝ Բաբելոնի մասին.
2«Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։ 3Որովհետև հյուսիսից նրա դեմ մի ազգ եկավ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և այնտեղ բնակվող չի լինի, մարդ ու անասուն պիտի փախչեն հեռանան»։
Իսրայելի վերադարձը
4«Այդ օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին. լացելով պիտի գան ու որոնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն։ 5Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղ դարձնելով և ասելով. “Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով”։
6Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։ 7Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց, և նրանց թշնամիներն ասացին. “Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ”։ 8Բաբելոնից փախե՛ք և թողե՛ք քաղդեացիների երկիրը. նոխազների պե՛ս եղեք՝ հոտերի առջևում։ 9Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը։ Նրանք շարվելու են նրա դեմ, և այնտեղից նա կգրավվի, նրանց նետերը հմուտ մարտիկի պես են. դատարկաձեռն չեն վերադառնում։ 10Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։
Բաբելոնի անկումը
11«Որովհետև ուրախացաք և ցնծացիք, ո՛վ իմ ժառանգությունը կողոպտողներ, որովհետև խոտերի մեջ ոստոստեցիք երինջի նման և երիվարների պես խրխնջացիք։ 12Ձեր մայրը հույժ պիտի ամաչի, ձեր ծնողը պիտի նախատվի. ահա նա ազգերի հետինը, անապատ, անջրդի և ամայի պիտի լինի։ 13Տիրոջ սրտմտության պատճառով նա չպիտի բնակեցվի, այլ բոլորովին ամայի պիտի դառնա. Բաբելոնի մոտով ամեն անցնող պիտի զարմանա և երկարատև սուլի նրա բոլոր վերքերի համար։ 14Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։ 15Նրա դեմ ամեն կողմից աղաղակե՛ք, որովհետև սա Տիրոջ վրեժխնդրությունն է. նա անձնատուր եղավ. նրա ամրությունները վայր ընկան, նրա պարիսպները հիմնահատակ եղան. նրանից վրե՛ժ առեք, ինչպես նա է արել, արե՛ք իրեն։ 16Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։
Իսրայելը վերադառնում է
17Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ 18Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։ 19Իսրայելին պիտի վերադարձնեմ իր արոտավայրը, և նա պիտի արածի Կարմեղոսում և Բասանում, և նրա հոգին պիտի կշտանա Եփրեմի լեռան վրա և Գաղաադում”։ 20Այդ օրերին և այդ ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց չեն գտնվելու. որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի»։
Աստծու դատաստանը Բաբելոնին
21«Ելի՛ր Մերաթայիմ#50.21 Ապստամբության։ երկրի դեմ և Փակուդի#50.21 Այցելության։ բնակիչների դեմ, ավերի՛ր և բնաջնջի՛ր մինչև նրանց վերջինը,- ասում է Տերը,- և արա՛ այն ամենը, ինչ որ հրամայում եմ քեզ։ 22Երկրում պատերազմի ձայն կա և մեծ ավերում։ 23Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։ 24Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար, գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև Տիրոջը հակառակվեցիր։ 25Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։ 26Նրա վրա եկե՛ք երկրի ծայրից, բացե՛ք նրա շտեմարանները, դեզերի պես դիզե՛ք նրան ու բնաջնջե՛ք նրան. նրանից մնացորդ չթողնեք։ 27Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։ 28Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։ 29Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, նրա շուրջբոլորը բանա՛կ դրեք, թող ազատվող չլինի։ Նրան իր արարքների համեմա՛տ հատուցեք. այն ամենի համեմատ, որ նա է արել, արե՛ք իրեն. որովհետև նա հպարտացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ։ 30Ուստի նրա մարտիկները պիտի ընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանան#50.30 Բռց. պիտի լռեն։ այն օրը,- ասում է Տերը։- 31Ահա ես քո դեմ եմ, ո՛վ ամբարտավան,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը։ 32Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։
33Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները զրկանք կրեցին, և Հուդայի որդիները՝ նրանց հետ. նրանց բոլոր գերեվարողներն ամուր բռնեցին նրանց և մերժեցին արձակել նրանց։ 34Նրանց փրկարարը զորավոր է, Զորությունների Տեր է նրա անունը. նա անպատճառ պիտի պաշտպանի նրանց դատը, որպեսզի երկրին հանգստություն տա և խռովք՝ Բաբելոնի բնակիչներին։
35Սո՜ւր քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա։ 36Սո՜ւր գուշակների#50.36 Բռց. ստախոսների։ վրա, որ հիմարանան, սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն։ 37Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա և նրա մեջ եղող բոլոր խառնածին գնդերի վրա, որ կանանց նման դառնան. սո՜ւր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն։ 38Երա՜շտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերով#50.38 Բռց. սոսկալի բաներով։ խենթանում են։ 39Դրա համար այնտեղ վայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։ 40Ինչպես որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը և նրա հարևաններին,- ասում է Տերը,- այնտեղ էլ մարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվելու։ 41Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ և շատ թագավորներ են զարթնում երկրի ծայրերից։ 42Նրանք աղեղ և տեգ են բռնում, անգութ են և չեն ողորմում, նրանց ձայնը ծովի պես գոռում է, և ձիերի վրա են հեծած, պատերազմիկի պես շարված են քո դեմ, ո՛վ Բաբելոնի դուստր։ 43Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։ 44Ահա առյուծի պես Հորդանանի թավուտներից բարձրանում է ապահով փարախի դեմ. որովհետև նրանց ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից. ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ է նա, որ ինձ ատյան պիտի կանչի, և ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։ 45Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբելոնի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է քաղդեացիների երկրի դեմ. հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։ 46Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ազգերի մեջ»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 50: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք