ԵՐԵՄԻԱ 4

4
Ապաշխարության կոչ
1«Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,- ասում է Տերը,- դեպի ի՛նձ դարձիր, և եթե իմ առաջից հեռացնելու լինես քո գարշելի քանդակներին և չտատանվես, 2և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։ 3Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։ 4Ո՛վ Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, թլփատվե՛ք Տիրոջ համար և հեռացրե՛ք ձեր սրտի թլիփը, որ չլինի թե իմ զայրույթը կրակի պես դուրս գա և այրի ձեր չար գործերի համար, և հանգցնող չլինի։
Հուդան գրավման սպառնալիքի տակ է
5Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. “Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա”, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. “Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։ 6Դրո՛շ պարզեք դեպի Սիոն, ապաստա՛ն փութացեք, մի՛ կանգնեք, որովհետև ես հյուսիսից չարիք և մեծ ավերում եմ բերում։ 7Առյուծն իր մացառից վեր կացավ, և ազգերին ջարդողն իր տեղից դուրս եկավ, ճանապարհվեց, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, առանց բնակչի դառնան։ 8Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։ 9«Այն օրը,- ասում է Տերը,- թագավորի սիրտը և իշխանների սիրտը կնվաղի, քահանաները կվախենան, մարգարեները կահազդվեն»։
10Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Տեր Աստված, դու անշուշտ խաբեցիր այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. “Ձեզ խաղաղություն կլինի”. բայց սուրը մինչև մեր հոգին է հասել»։
11Այն ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին պիտի ասվի. «Անապատում լերկ բլուրներից մի կիզիչ քամի է փչում դեպի իմ ժողովրդի դուստրը, որ ո՛չ քամհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու։ 12Սրանցից ավելի սաստիկ մի քամի պիտի գա ինձ։ Հիմա ես դատաստաններով պիտի խոսեմ նրանց դեմ»։
Հուդան՝ շրջապատված թշնամիներով
13Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։ 14Քո սիրտը մաքրի՛ր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որպեսզի փրկվես. քո չար խորհուրդները սրտումդ մինչև ե՞րբ պիտի մնան։ 15Որովհետև մի կանչ է գալիս Դանից և թշվառություն է հայտարարում Եփրեմի սարից։ 16Հիշեցրե՛ք ազգերին, ահա Երուսաղեմին հայտարարե՛ք. «Պաշարողներ են գալիս հեռավոր երկրից և իրենց ձայնն են արձակում Հուդայի քաղաքների դեմ։ 17Դաշտի պահապանների պես շրջապատել են այն, քանի որ նա իմ դեմ ապստամբեց»,- ասում է Տերը։ 18«Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այս բանը. սա քո չարության արդյունքն է. իրա՜վ դառը և խոցում է մինչև սիրտդ»։
Երեմիայի վիշտը իր ժողովրդի համար
19Որովա՜յնս, որովա՜յնս, մինչև սրտիս պատերը ցավ եմ զգում, իմ սիրտը խռովվում է իմ ներսում. ես չեմ կարող լռել, որովհետև փողի ձայնը և պատերազմի աղաղակն եմ լսել։ 20Կործանում կործանումի հետևից է գալիս, ամբողջ երկիրն ավերվել է. հանկարծակի ավերվեցին իմ վրանները, մի վայրկյանում՝ իմ վարագույրները։ 21Մինչև ե՞րբ պիտի տեսնեմ դրոշը, լսեմ փողի ձայնը։
22Որովհետև հիմար է իմ ժողովուրդը. ինձ չճանաչեցին. նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում. նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։
Երեմիայի տեսիլքը գալիք կործանման մասին
23Նայեցի երկրին, և ահա ամայի ու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։ 24Նայեցի լեռներին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները երերում էին։ 25Նայեցի, և ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները փախել էին։ 26Նայեցի, և ահա Մրգաստանը՝ անապատ, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին Տիրոջ առաջ ու նրա բորբոք բարկության առաջ։
27Որովհետև այսպես է ասում Տերը. «Ամբողջ երկիրն ամայի պիտի դառնա, բայց լիովին վերջը չեմ տալու։ 28Սրա համար երկիրը պիտի սգա, և երկինքը վերևից պիտի խավարի, որովհետև ես եմ ասել, խորհել եմ և չեմ զղջալու և հետ չեմ դառնալու։ 29Ձիավորների և աղեղնավորների ձայնից փախչում է ամբողջ քաղաքը, թավուտներն են մտնում և բարձրանում ժայռերի վրա, բոլոր քաղաքները լքված են, և նրանցում բնակվող մարդ չկա։ 30Եվ դու ի՞նչ պիտի անես, ո՛վ կործանված, որ ծիրանիներ ես հագնում և քեզ ոսկե զարդերով զարդարում, որ ծարիրով լայնացնում ես աչքերդ։ Զուր ես քեզ գեղեցկացնում, սիրեցյալներդ քեզ մերժեցին, կյանքդ են փնտրում»։ 31Որովհետև մի ձայն լսեցի, ասես ծննդկանի ձայն. առաջին անգամ ծննդաբերողի նեղություն, Սիոնի դստեր ձայնը, հևալով տարածում է իր ձեռքերը. «Վա՜յ ինձ, որ հոգիս նվաղում է սպանողների առաջ»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք