ԵՐԵՄԻԱ 37
37
Սեդեկիայի խնդրանքը Երեմիային
1Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։ 2Բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։
3Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։ 4Եվ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մեջ, որովհետև նրան դեռ չէին արգելափակել բանտում։ 5Եվ փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։
6Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ ասելով. 7«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այսպե՛ս ասացեք Հուդայի թագավորին, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել իմ մասին հարցնելու. "Ահա փարավոնի զորքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, պիտի վերադառնա իր երկիրը՝ Եգիպտոս։ 8Քաղդեացիներն էլ պիտի վերադառնան ու պատերազմեն այս քաղաքի դեմ և գրավեն այն ու կրակով այրեն"”։ 9Տերն այսպես է ասում. “Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով. "Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից". որովհետև նրանք չեն հեռանալու։ 10Որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքն էլ ջարդեք, և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով՝ այս քաղաքը կրակով պիտի այրեն”»։
Երեմիան ձերբակալվում է և բանտարկվում
11Եվ երբ փարավոնի զորքի պատճառով քաղդեացիների զորքը հետ քաշվեց Երուսաղեմից, 12այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջ իր կալվածի բաժինն առնի։ 13Եվ երբ որ նա Բենիամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան՝ Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին՝ Հերիա անունով։ Եվ նա բռնեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու քաղդեացիների կողմն ես անցնում»։ 14Իսկ Երեմիան ասաց. «Սուտ է, ես քաղդեացիների կողմը չեմ անցնում»։ Բայց նա չլսեց նրան։ Եվ Հերիան բռնեց Երեմիային ու նրան տարավ իշխանների մոտ։ 15Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։
16Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց, 17Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։ 18Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Ես ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ և քո ծառաների դեմ և այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտ եք գցել։ 19Եվ ո՞ւր են ձեր մարգարեները, որ մարգարեանում էին ձեզ՝ ասելով. “Բաբելոնի թագավորը չպիտի գա ձեր դեմ և այս երկրի դեմ”։ 20Իսկ հիմա խնդրեմ լսի՛ր, ո՛վ իմ տեր թագավոր, թող իմ աղաչանքը քո առջև ընկնի. ինձ հետ մի՛ ուղարկիր դպիր Հովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»։ 21Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 37: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018