ԵՐԵՄԻԱ 35

35
Երեմիան և Ռեքաբյանները
1Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերին՝ ասելով. 2«Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց և նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։ 3Եվ ես վերցրի Քաբասինիայի որդու՝ Երեմիայի որդի Հեզոնիային և նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև Ռեքաբյանների ամբողջ տունը։ 4Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդուն՝ Հեգդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենյակից վերև եղող իշխանական սենյակի կողքին էր։ 5Եվ Ռեքաբյանների տան որդիների առաջ գինիով լիքը անոթներ և բաժակներ դրեցի և նրանց ասացի. «Գինի՛ խմեք»։ 6Բայց նրանք ասացին. «Մենք գինի չենք խմում, որովհետև մեր հայրը՝ Ռեքաբի որդի Հովնադաբը, մեզ հրամայել է՝ ասելով. “Գինի չխմեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր որդիները հավիտյան։ 7Նաև տուն չկառուցեք, սերմ չցանեք և խաղողի այգի չտնկեք և սրանք մի՛ ունեցեք։ Այլ ձեր բոլոր օրերը վրաններո՛ւմ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք”։ 8Եվ մենք ամեն բանում հնազանդվել#35.8 Բռց. լսել ենք. նաև 35.10, 14 համարներում։ ենք մեր հայր Ռեքաբի որդի Հովնադաբի ձայնին, որը հրամայել է մեզ, որ մեր բոլոր օրերում գինի չխմենք թե՛ մենք, թե՛ մեր կանայք, թե՛ մեր որդիները, թե՛ մեր դուստրերը, 9բնակվելու համար տներ չկառուցենք և խաղողի այգի, արտ, ագարակ և ցանք չունենանք, 10այլ վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք ու անում այն ամենի համաձայն, ինչպես մեզ հրամայել է մեր հայրը՝ Հովնադաբը։ 11Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ այս երկրի դեմ, այն ժամանակ ասացինք. “Եկեք Երուսաղեմ գնանք քաղդեացիների զորքերի պատճառով և արամեացիների զորքերի պատճառով”, և բնակվում ենք Երուսաղեմում»։
12Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 13«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛. "Մի՞թե խրատ չեք առնում և հնազանդվում իմ խոսքերին",- ասում է Տերը։- 14Ռեքաբի որդի Հովնադաբի խոսքերը, որ իր որդիներին հրամայել է գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև այսօր չեն խմում, այլ հնազանդվում են իրենց հոր հրամանին։ Ես կրկին ու կրկին խոսեցի ձեզ հետ, բայց դուք ինձ չանսացիք։ 15Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։
16Ռեքաբի որդի Հովնադաբի որդիները կատարեցին իրենց հոր հրամանը, որ հրամայել էր իրենց, բայց այս ժողովուրդն ինձ չի լսում”»։ 17Սրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ահա այն ամեն չարիքը, որ խոսել եմ նրանց մասին, ես բերելու եմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա, որովհետև ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին, կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին»։
18Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել, 19դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնող մարդ չպիտի պակասի ընդմիշտ"”»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 35: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք