ԵՐԵՄԻԱ 25

25
Թշնամին հյուսիսից
1Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր, 2որը Երեմիա մարգարեն ասաց ամբողջ Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին.
3«Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։ 4Եվ Տերը կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չանսացիք և ականջ չդրեցիք։ 5Նրանք ասում էին. “Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից, և դուք կբնակվեք այն երկրում, որ Տերը հավիտյանս տվեց ձեզ և ձեր հայրերին։ 6Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի”։ 7Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։
8Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք իմ խոսքերը, 9ահա ես կկանչեմ և կբերեմ#25.9 Բռց. կուղարկեմ և կառնեմ։ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։ 10Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։ 11Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։ 12Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։ 13«Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։ 14Որովհետև շատ ազգեր և մեծ թագավորներ պիտի ստրկացնեն նրանց, և ես նրանց պիտի հատուցեմ իրենց արարքի համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։
Աստծու դատաստանը ազգերին
15Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում ինձ. «Վերցրո՛ւ իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։ 16Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։ 17Եվ ես բաժակն առա Տիրոջ ձեռքից և խմեցրի բոլոր ազգերին, որոնց մոտ Տերն ուղարկեց ինձ՝ 18Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր, 19Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, և նրա ծառաներին, նրա իշխաններին ու նրա ամբողջ ժողովրդին 20և բոլոր խառնածինների#25.20 Բռց. արաբ. Եգիպտոսում բնակվող օտարականները։ ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին, 21Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին, 22Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են, 23Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին,#25.23 Տե՛ս 9.25։ 24Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։ 25Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին 26և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։ 27Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։ 28Իսկ եթե մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել խմելու համար, այն ժամանակ դու նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Անպատճառ պիտի խմեք։ 29Որովհետև ահա այն քաղաքի վրա, որ կոչված է իմ անունով, ես սկսել եմ չարիք բերել. մի՞թե դուք անպատիժ կմնաք. դուք անպատիժ չեք մնա, որովհետև ես սուր եմ կանչելու երկրիս բոլոր բնակիչների վրա”,- ասում է Զորությունների Տերը»։ 30Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։ 31Աղմուկը մինչև երկրի ծայրն է հասնելու, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա սրի է մատնելու ամբարիշտներին»,- ասում է Տերը։
32Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվի#25.32 Բռց. դուրս գա։ մի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։ 33Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։
34Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք, մոխրի մեջ թավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։ 35Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։ 36Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները. 37Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։ 38Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 25: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք