ԵՐԵՄԻԱ 17

17
Հուդայի մեղքը և պատիժը
1Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։ 2Որ իրենց որդիները հիշեն իրենց զոհասեղանները և իրենց աստարովթները կանաչ ծառերի մոտ, բարձր բլուրների վրա. 3քո հարստությունը, քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ քո տարածքում՝ Բարձր տեղերում, մեղքերի պատճառով։ 4Եվ դու ինքդ պիտի թողնես քո ժառանգությունը, որ քեզ տվեցի, և քեզ մի այնպիսի երկրում եմ ծառա դարձնելու քո թշնամիներին, որ չես ճանաչում, որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել, որ հավիտյան պիտի բորբոքվի։
Զանազան ասացվածքներ
5Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։ 6Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։ 7Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ 8Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։ 9Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։ 10Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։
11Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։
12Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։ 13Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։
Երեմիան խնդրում է Տիրոջ օգնությունը
14Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։ 15Ահա նրանք ինձ ասում են. «Որտե՞ղ է Տիրոջ խոսքը, թող գա»։ 16Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։ 17Ինձ համար արհավիրք մի՛ եղիր, չարիքի օրը իմ ապավենը դու ես։ 18Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։
Պահել շաբաթը
19Տերն այսպես է ասում ինձ. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասին, որով մտնում և դուրս են գալիս Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դարպասներին։ 20Եվ ասա՛ նրանց. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և համայն Հուդա և ո՛վ Երուսաղեմի բոլոր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք։ 21Այսպես է ասում Տերը. "Զգուշացե՛ք ձեր անձերի համար և շաբաթ օրը բեռ մի՛ վերցրեք և Երուսաղեմի դարպասներից ներս մի՛ բերեք։ 22Շաբաթ օրը ձեր տներից դուրս բեռ մի՛ բերեք և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ հրամայել եմ ձեր հայրերին։ 23Բայց նրանք չլսեցին և իրենց ականջները չխոնարհեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին, որպեսզի չլսեն և խրատ չառնեն։ 24Եվ եթե ինձ ուշադրությամբ ականջ դնեք,- ասում է Տերը,- որ շաբաթ օրն այս քաղաքի դարպասներից բեռ ներս չբերեք և շաբաթ օրը սրբացնեք, որ այդ օրը ոչ մի գործ չանեք, 25այն ժամանակ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն կառքերի և ձիերի հեծած թագավորներ և իշխաններ, որոնք կնստեն Դավթի գահի վրա, թե՛ իրենք և թե՛ իրենց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները, և այս քաղաքը հավիտյան բնակեցված կլինի։ 26Եվ կգան Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի շրջակայքից ու Բենիամինի երկրից, դաշտավայրից ու լեռից և հարավից, կբերեն ողջակեզ և զոհ, հացի ընծա և կնդրուկ և գոհության ընծաներ կբերեն Տիրոջ տուն։ 27Բայց եթե ինձ չհնազանդվեք, որ շաբաթ օրը սուրբ պահեք, որ բեռ չվերցնեք ու Երուսաղեմի դարպասներից ներս բերեք շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցները և չի հանգչի"”»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 17: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք