ԵՐԵՄԻԱ 18

18
Երեմիան բրուտի տանը
1Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով. 2«Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը»։ 3Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի#18.3 Բռց. երկու քարերի, իրականում՝ փայտ։ վրա։ 4Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։ 5Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 6«Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։ 7Մի պահ ես կխոսեմ մի ազգի կամ մի թագավորության դեմ՝ արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար, 8և եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։ 9Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին՝ կառուցելու և տնկելու համար, 10և եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ և չի լսում իմ խոսքը, ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որ անելու եմ նրան»։
11Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՛. «Տերն այսպես է ասում. “Ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները”։ 12Բայց նրանք ասում են. “Անհո՛ւյս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու”»։
Ժողովուրդը մերժում է Տիրոջը
13Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ազգերի մեջ, այսպիսի բան ո՞վ է լսել. խիստ սոսկալի բան է արել կույս Իսրայելը։ 14Մի՞թե դաշտի ժայռից կպակասի Լիբանանի ձյունը, կամ կցամաքեն հոսող, հեռվից եկող սառը ջրերը#18.14 Բռց. օտար սառը ջրերը։։ 15Սակայն իմ ժողովուրդը մոռացել է ինձ, խունկ է ծխում ունայնություններին#18.15 Այսինքն՝ կուռքերին։, որոնք նրանց գայթեցրին իրենց ճանապարհներում, հին ճամփաներում, որպեսզի ընթանան կածաններով, որոնք հարթված չեն։ 16Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։ 17Նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ, ինչպես արևելյան քամին,#18.17 Անապատային հանկարծահաս հողմ, որը ցրում էր ամեն ինչ. զրպարտություն կամ սուտ վկայություն. տե՛ս նաև 9.3, 9.8։ նրանց աղետի օրը թիկունք և ոչ թե երես պիտի ցույց տամ»։
Դավադրություն Երեմիայի դեմ
18Ապա նրանք ասացին. «Եկեք Երեմիայի դեմ դավեր սարքենք, որովհետև ուսուցումը քահանայից չի կորչի, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից։ Եկեք նրան լեզվով վնասենք և նրա բոլոր խոսքերին ուշադրություն չդարձնենք»։
19Ո՛ւշ դիր ինձ, Տե՛ր, և լսի՛ր իմ հակառակորդների ձայնը։ 20Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։ 21Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։ 22Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։ 23Բայց դու, ո՛վ Տեր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար։ Նրանց անօրենությունը մի՛ քավիր և նրանց մեղքերը քո առաջից մի՛ ջնջիր, այլ թող նրանք տապալվեն քո առաջ, նրանց հետ այդպե՛ս վարվիր քո բարկության ժամանակ։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 18: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում