Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի մատնեց փղշտացիների ձեռքը։
Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուե անունով, և նրա կինն ամուլ էր ու զավակ չէր ծնում։ Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և նրան ասաց. «Ահա դու հիմա ամուլ ես և չես ծնում, բայց պիտի հղիանաս ու մի որդի ծնես։ Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես, և նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղան մոր արգանդից Աստծուն ընծայված պիտի լինի, և նա սկսելու է Իսրայելն ազատել փղշտացիների ձեռքից»։ Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։ Բայց ինձ ասաց. “Ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես. հիմա գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև այդ տղան մոր արգանդից մինչև իր մահվան օրն Աստծու ուխտավոր պիտի լինի”»։
Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։ Աստված լսեց Մանուեի ձայնը, և Աստծու հրեշտակը դարձյալ այն կնոջ մոտ եկավ, երբ նա նստել էր արտում, և նրա մարդը՝ Մանուեն, հետը չէր։ Կինը շուտ վազեց, իր մարդուն պատմեց և նրան ասաց. «Ահա ինձ երևաց այն մարդը, որն այն օրը եկել էր ինձ մոտ»։ Մանուեն վեր կացավ գնաց իր կնոջ ետևից և նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել ես այս կնոջ հետ»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թող կինը զգուշանա իմ ասած ամեն բանից. որթից դուրս եկած ոչ մի բան չուտի և գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի և իմ պատվիրած ամեն բանը պահի»։
Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Աղաչում եմ, թող քեզ մի քիչ պահենք, այծերից մի ուլ պատրաստենք, դնենք քո առաջ»։ Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտելու, բայց եթե ողջակեզ անես, Տիրոջ համա՛ր զոհիր այն», որովհետև Մանուեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Անունդ ի՞նչ է, որպեսզի երբ խոսքդ կատարվի, քեզ պատվենք»։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը. այն սքանչելի է»։ Եվ Մանուեն վերցրեց ուլն ու հացի նվերը և ապառաժի վրա զոհաբերեց Տիրոջը. և հրեշտակը Մանուեի ոի նրա կնոջ աչքի առաջ հրաշք գործեց, որովհետև երբ բոցը սեղանից բարձրանում էր դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցով ելավ վեր. Մանուեն ու իր կինը նայում էին և երեսների վրա ընկան գետնին։ Եվ Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանուեին ու նրա կնոջը. այն ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։ Եվ Մանուեն ասաց իր կնոջը. «Անպատճառ պիտի մեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։ Կինը նրան ասաց. «Եթե Տերն ուզեր, որ մենք մեռնեինք, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, այս բոլոր բաները մեզ ցույց չէր տա և այսպիսի բաներ մեզ լսել չէր տա այս ժամանակ»։
Եվ կինը մի որդի ծնեց և նրա անունը Սամփսոն դրեց. տղան մեծացավ, և Տերն օրհնեց նրան։ Եվ Տիրոջ Հոգին սկսեց նրան մղել՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը՝ Դանի բանակում։