ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13

13
Սամփսոնի ծնունդը
1Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի մատնեց փղշտացիների ձեռքը։
2Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուե անունով, և նրա կինն ամուլ էր ու զավակ չէր ծնում։ 3Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և նրան ասաց. «Ահա դու հիմա ամուլ ես և չես ծնում, բայց պիտի հղիանաս ու մի որդի ծնես։ 4Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, 5որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես, և նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղան մոր արգանդից Աստծուն ընծայված պիտի լինի, և նա սկսելու է Իսրայելն ազատել փղշտացիների ձեռքից»։ 6Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։ 7Բայց ինձ ասաց. “Ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես. հիմա գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև այդ տղան մոր արգանդից մինչև իր մահվան օրն Աստծու ուխտավոր պիտի լինի”»։
8Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։ 9Աստված լսեց Մանուեի ձայնը, և Աստծու հրեշտակը դարձյալ այն կնոջ մոտ եկավ, երբ նա նստել էր արտում, և նրա մարդը՝ Մանուեն, հետը չէր։ 10Կինը շուտ վազեց, իր մարդուն պատմեց և նրան ասաց. «Ահա ինձ երևաց այն մարդը, որն այն օրը եկել էր ինձ մոտ»։ 11Մանուեն վեր կացավ գնաց իր կնոջ ետևից և նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել ես այս կնոջ հետ»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ 12Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։ 13Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թող կինը զգուշանա իմ ասած ամեն բանից. 14որթից դուրս եկած ոչ մի բան չուտի և գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի և իմ պատվիրած ամեն բանը պահի»։
15Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Աղաչում եմ, թող քեզ մի քիչ պահենք, այծերից մի ուլ պատրաստենք, դնենք քո առաջ»։ 16Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտելու, բայց եթե ողջակեզ անես, Տիրոջ համա՛ր զոհիր այն», որովհետև Մանուեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 17Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Անունդ ի՞նչ է, որպեսզի երբ խոսքդ կատարվի, քեզ պատվենք»։ 18Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը. այն սքանչելի#13.18 Կամ անիմանալի։ է»։ 19Եվ Մանուեն վերցրեց ուլն ու հացի նվերը և ապառաժի վրա զոհաբերեց Տիրոջը. և հրեշտակը Մանուեի ոի նրա կնոջ աչքի առաջ հրաշք գործեց, 20որովհետև երբ բոցը սեղանից բարձրանում էր դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցով ելավ վեր. Մանուեն ու իր կինը նայում էին և երեսների վրա ընկան գետնին։ 21Եվ Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանուեին ու նրա կնոջը. այն ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։ 22Եվ Մանուեն ասաց իր կնոջը. «Անպատճառ պիտի մեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։ 23Կինը նրան ասաց. «Եթե Տերն ուզեր, որ մենք մեռնեինք, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, այս բոլոր բաները մեզ ցույց չէր տա և այսպիսի բաներ մեզ լսել չէր տա այս ժամանակ»։
24Եվ կինը մի որդի ծնեց և նրա անունը Սամփսոն դրեց. տղան մեծացավ, և Տերն օրհնեց նրան։ 25Եվ Տիրոջ Հոգին սկսեց նրան մղել՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը՝ Դանի բանակում։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք