ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12
12
Հեփթայեն և Եփրեմյանները
1Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։ 2Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը Ամմոնի որդիների հետ մեծ կռիվներ ունեցանք. և ես ձեզ կանչեցի, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։ 3Ես էլ երբ տեսա, որ դուք ինձ չեք ազատում, հոգիս ձեռքիս մեջ դրեցի և գնացի Ամմոնի որդիների դեմ, և Տերը նրանց մատնեց իմ ձեռքը. ինչո՞ւ եք դուք այսօր եկել պատերազմելու իմ դեմ»։ 4Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց և պատերազմեց Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ ջարդեցին Եփրեմի որդիներին, որովհետև ասել էին. «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի փախստականներ եք Եփրեմում և Մանասեի մեջ»։ 5Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։ 6Նրան ասում էին. «Ապա ասա՛ Շիբբոլեթ», և նա ասում էր՝ Սիբբոլեթ (որովհետև չէր կարողանում ուղիղ արտասանել), և նրան բռնում էին ու սպանում Հորդանանի անցումներում. և այն ժամանակ Եփրեմից քառասուներկու հազար մարդ ընկավ։
7Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում. և գաղաադացի Հեփթայեն մեռավ ու թաղվեց Գաղաադի քաղաքներից մեկում։
Աբեսսան, Ելոն, Աբդոն
8Նրանից հետո Իսրայելում դատավորություն արեց բեթլեհեմացի Աբեսսանը։ 9Նա երեսուն տղա ուներ և երեսուն աղջիկ, որոնց դուրսը մարդու տվեց և դրսից էլ երեսուն աղջիկ բերեց իր տղաների համար. և ինքը յոթ տարի դատավորություն արեց Իսրայելում։ 10Աբեսսանը մեռավ և թաղվեց Բեթլեհեմում։
11Նրանից հետո զաբուղոնացի Ելոնը եղավ Իսրայելի դատավոր և տասը տարի դատավորություն արեց Իսրայելում։ 12Եվ զաբուղոնացի Ելոնը մեռավ ու թաղվեց Զաբուղոնի երկրում՝ Այեղոնի մեջ։
13Նրանից հետո փարաթոնացի Հելլելի որդի Աբդոնը եղավ Իսրայելի դատավոր։ 14Նա քառասուն տղա և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ. և ինքն ութ տարի դատավորություն արեց Իսրայելում։ 15Եվ փարաթոնացի Հելլելի որդին՝ Աբդոնը, մեռավ ու թաղվեց ամաղեկացիների լեռնային շրջանում՝ Եփրեմի երկրում, Փարաթոնի մեջ։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018