ԵՍԱՅԻ 1:10-17

ԵՍԱՅԻ 1:10-17 ՆՎԱԱ

Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։ «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։ Երբ գալիս եք ինձ պաշտելու, ո՞վ է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։ Այլևս սին ընծաներ մի՛ բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։ Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։ Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։ Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։