Եբրայեցիներին 8

8
Հիսուսը՝ մեր մեծ Քահանայապետը
1Եվ ասածներիս գլխավորը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ երկնքում Մեծության աթոռի աջ կողմում նստեց՝ 2որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ 3Քանի որ ամեն քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգվում, ուստի նա էլ պետք է մատուցելու մի բան ունենա։ 4Որովհետև եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում, 5ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է,- որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։ 6Բայց հիմա Հիսուսն ավելի բարձր ծառայության հասավ, քանի որ միջնորդ է ավելի լավ ուխտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների վրա։
7Որովհետև եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։ 8Եվ նրանց հանդիմանելով ասում է.
«Ահա օրեր կգան,- ասում է Տերը,-
երբ ես Իսրայելի տան և Հուդայի տան հետ նոր ուխտ կկատարեմ,
9 ոչ այն ուխտի պես, որ կնքեցի նրանց հայրերի հետ
այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝
եգիպտացիների երկրից հանելու համար։
Քանի որ նրանք իմ ուխտի մեջ չմնացին,
ես էլ նրանց նկատմամբ անհոգ եղա,- ասում է Տերը։
10 Որովհետև սա է այն ուխտը,
որ այս օրերից հետո պիտի կնքեմ Իսրայելի տան հետ,- ասում է Տերը.-
ես իմ օրենքները նրանց մտքի մեջ կդնեմ,
նրանց սրտերի վրա կգրեմ դրանք
ու նրանց կլինեմ Աստված,
նրանք էլ ինձ ժողովուրդ կլինեն։
11 Եվ նրանցից յուրաքանչյուրն իր համաքաղաքացուն չպիտի ուսուցանի,
ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը կասի՝ "Տիրոջը ճանաչի՛ր",
որովհետև բոլորն էլ կճանաչեն ինձ՝
նրանց փոքրերից մինչև մեծը,
12 որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ
և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Երմ. 31.31-34)։
13Նոր ուխտի մասին խոսելով՝ նա առաջինը հին համարեց, իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալուն։

Արդեն Ընտրված.

Եբրայեցիներին 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք