ԾՆՆԴՈՑ 49

49
Հակոբի վերջին խոսքերը
1Հակոբը կանչեց իր որդիներին և ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ, ինչ որ պատահելու է ձեզ գալիք օրերին։
2Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ.
լսե՛ք ձեր հորը՝ Իսրայելին։
3Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի,
դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝
գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։
4Ջրի պես եռացիր.
Գերապատիվ չես լինի,
քանզի քո հոր անկողինը բարձրացար
Եվ այն պղծեցիր։
5Շմավոնն ու Ղևին եղբայրներ են.
Բռնության գործիքներ են նրանց սրերը։
6Նրանց խորհուրդների մեջ թող չմտնի իմ անձը,
նրանց ժողովին չմիանա իմ փառքը,
քանզի իրենց բարկությամբ մարդ սպանեցին
և իրենց քմահաճույքով ցուլի ջիղ կտրեցին։
7Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր.
անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։
Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ
Եվ կցրեմ Իսրայելի մեջ։
8Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները.
ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի,
երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։
9Հուդան առյուծի ձագ է,
որդյա՛կ իմ, կողոպուտից ելար.
ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես,
մատակ առյուծի պես.
ո՞վ կարթնացնի նրան։
10Չի պակասելու իշխանությունը Հուդայից,
ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից,
մինչև որ գա Սելովը.
և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։
11Նա իր ավանակին որթից կկապի
և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին.
իր պատմուճանը կլվա գինով
և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։
12Գինուց կարմիր կլինեն իր աչքերը,
և ատամները՝ կաթից սպիտակ։
13Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում,
և նա կլինի նավահանգիստը,
և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։
14Իսաքարն ամրապինդ մի էշ է,
Պառկում է գոմերի մեջտեղում.
15Տեսնելով, որ հանգստությունը լավ է,
և երկիրը՝ գեղեցիկ,
իր ուսը ծռեց՝ բեռ կրելու,
և դարձավ հարկատու ծառա։
16Դանը կդատի իր ժողովրդին
Իսրայելի ցեղերից մեկի նման։
17Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա,
մի իժ՝ արահետի վրա.
կծում է ձիու գարշապարը,
Եվ հեծյալը վայր է ընկնում դեպի ետ։
18Քո փրկությանն եմ սպասում, ո՛վ Տեր։
19Գադի վրա կհարձակվի մի գունդ,
Բայց ինքը կհետապնդի նրանց։
20Ասերի հացը առատ է.
Եվ ինքը կտա թագավորի համադամ կերակուրներ։
21Նեփթաղիմն ազատ մի եղջերու է.
նա գեղեցիկ ձագեր է տալիս#49.21 Կամ արտաբերում է գեղեցիկ խոսքեր, կամ գեղեցիկ ճյուղեր է արձակում։։
22Մի պտղատու ոստ է Հովսեփը,
մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա.
բողբոջները տարածվում են պատի վրա։
23Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին,
ատեցին նրան։
24Բայց նրա աղեղը հաստատուն մնաց,
և ջլապինդ դարձան նրա ձեռքերը
Հակոբի Հզորի ձեռքով.
Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։
25Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և
Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ,
երկնային վերին օրհնություններով,
ներքևում եղող անդունդի օրհնություններով
և ստինքների ու արգանդի օրհնություններով։
26Քո հոր օրհնություններով, որ զորացան
հավերժական լեռների օրհնություններից,
և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր,
Հովսեփի գլխի վրա թող լինեն՝
իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։
27Բենիամինը հոշոտող գայլ է.
առավոտյան որսն է ուտում,
երեկոյան՝ կողոպուտը բաժանում»։
Հակոբի մահն ու թաղումը
28Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են։ Սա է, որ նրանց հայրը խոսեց նրանց հետ, օրհնեց նրանց՝ յուրաքանչյուրին իր օրհնությամբ։ 29Եվ պատվիրեց նրանց և ասաց նրանց. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին. թաղե՛ք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որ քետացի Եփրոնի արտում է գտնվում. 30այն այրի մեջ, որ Քանանի երկրում՝ Մամբրեի դիմաց եղող Մաքփելայի արտում է, որն Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից այն արտի հետ միասին՝ որպես կալվածք գերեզմանի համար։ 31Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։ 32Այդ արտը և այնտեղ գտնվող քարայրը գնվեցին Քետի որդիներից»։ 33Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 49: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք