ԾՆՆԴՈՑ 42

42
Հովսեփի եղբայրները գնում են Եգիպտոս
1Հակոբը տեսավ, որ Եգիպտոսում ցորեն կա, և ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»։ 2Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։ 3Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։ 4Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր. «Միգուցե փորձանք պատահի նրան»։
5Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղ գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։ 6Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։ 7Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։ 8Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։ 9Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ 10Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։ 11Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։ 12Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ 13Նրանք ասացին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ. ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։ 14Հովսեփն ասաց նրանց. «Հենց այս խոսեցի ձեզ հետ՝ ասելով, թե դուք լրտեսներ եք։ 15Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ 16Ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ բերի ձեր եղբորը, իսկ դուք կբանտարկվեք, որ փորձվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձեր ասածների մեջ ճշմարտություն կա՞. եթե ոչ, փարավոնի կյանքը վկա, որ դուք լրտեսներ եք»։ 17Եվ երեք օր բանտարկեց նրանց։
18Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արե՛ք այս, որ ողջ մնաք. ես Աստծուց վախեցող մարդ եմ. 19եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։ 20Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։ 21Նրանք ասում էին միմյանց. «Իրոք, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տագնապը, երբ նա աղաչում էր մեզ, բայց չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է գալիս այս նեղությունը»։ 22Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։ 23Բայց նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր, որովհետև նա թարգմանչի միջոցով էր խոսում իրենց հետ։ 24Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։ 25Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։ 26Նրանք, իրենց ցորենը բարձելով իրենց էշերի վրա, մեկնեցին այնտեղից։ 27Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։ 28Եվ ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, ահա այստեղ՝ իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը խռովվեց, և վախենալով ասացին միմյանց. «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։
Հովսեփի եղբայրները վերադառնում են Քանան
29Ու եկան Քանանի երկիրը՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ, և ասացին. 30«Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։ 31Նրան ասացինք. “Մենք ազնիվ ենք, լրտեսներ չենք։ 32Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները. մեզնից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում”։ 33Այդ երկրի տերը եղող մարդը մեզ ասաց. “Սրանով կիմանամ, թե դուք ազնիվ եք. ձեր եղբայրներից մեկին թողե՛ք ինձ մոտ, ձեր ընտանիքի համար ցորե՛ն վերցրեք և գնացե՛ք։ 34Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի գիտենամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ եք. ձեր եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և այս երկրում առևտուր կանեք”»։ 35Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք և իրենց հայրը տեսան փողի քսակները և վախեցան։ 36Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անզավակ թողեցիք. Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ եք վերցնում։ Այս բոլորը ինձ վրա է գալիս»։ 37Ռուբենը խոսեց իր հոր հետ և ասաց. «Իմ երկու որդիներին սպանի՛ր, եթե ես նրան քեզ մոտ չբերեմ. հանձնի՛ր նրան իմ ձեռքը, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։ 38Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 42: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք