Այս բաներից հետո նրա տիրոջ կինն աչքը գցեց Հովսեփի վրա և ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Բայց նա մերժեց և ասաց իր տիրոջ կնոջը. «Ահա իմ տերը չգիտի, ինչ որ կա ինձ մոտ՝ տան մեջ, և իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է հանձնել։ Այս տանը ինձանից մեծը չկա, և ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես. ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։ Թեպետ նա ամեն օր այդ բանն ասում էր Հովսեփին, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփն իր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ՝ տան մեջ, տան մարդկանցից ոչ մեկը չկար։ Կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։ Երբ կինը տեսավ, որ նա հագուստն իր ձեռքում թողեց և դուրս փախավ, կանչեց իր տան մարդկանց և պատմեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, մի եբրայեցի բերեց մեզ համար, որ խայտառակ անի մեզ։ Նա ինձ մոտ եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես բարձրաձայն աղաղակեցի։ Իսկ երբ լսեց, որ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց և դուրս փախավ»։ Եվ կինը նրա հագուստը պահեց իր մոտ, մինչև որ իր տերը տուն եկավ։ Եվ խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որ դու բերեցիր մեզ համար, եկավ ինձ մոտ, որ խայտառակի ինձ։ Իսկ երբ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու դուրս փախավ»։
Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։ Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։ Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։ Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր կալանավորներին. և ինչ էլ որ արվում էր այնտեղ, պատասխանատուն նա էր։ Բանտապետը նրա ձեռքին եղած ոչ մի բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր. ինչ որ նա անում էր, Տերը հաջողություն էր տալիս։