ԾՆՆԴՈՑ 39
39
Հովսեփը և Պետափրեսի կինը
1Հովսեփին իջեցրին Եգիպտոս։ Փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրեսը՝ թիկնապահների պետը, ծախու առավ նրան իսմայելացիների ձեռքից, որոնք այնտեղ էին իջեցրել նրան։ 2Տերը Հովսեփի հետ էր. նա հաջողակ մարդ էր և ապրում էր իր եգիպտացի տիրոջ տանը։ 3Նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և թե ինչ որ նա անում էր, Տերը հաջողում էր նրա ձեռքով։ 4Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։ 5Եվ այն ժամանակից հետո, երբ նրան իր տան և իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգեց, Տերը եգիպտացու տունն օրհնեց Հովսեփի պատճառով։ Տիրոջ օրհնությունը լինում էր թե՛ տանը և թե՛ դաշտում նրա ամբողջ ունեցվածքի վրա։ 6Եվ նա իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին և նրա մոտ եղած ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՝ տեսքով։
7Այս բաներից հետո նրա տիրոջ կինն աչքը գցեց Հովսեփի վրա և ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ 8Բայց նա մերժեց և ասաց իր տիրոջ կնոջը. «Ահա իմ տերը չգիտի#39.8 Կամ մտահոգ չէ։, ինչ որ կա ինձ մոտ՝ տան մեջ, և իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է հանձնել։ 9Այս տանը ինձանից մեծը չկա, և ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես. ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։ 10Թեպետ նա ամեն օր այդ բանն ասում էր Հովսեփին, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ 11Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփն իր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ՝ տան մեջ, տան մարդկանցից ոչ մեկը չկար։ 12Կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։ 13Երբ կինը տեսավ, որ նա հագուստն իր ձեռքում թողեց և դուրս փախավ, 14կանչեց իր տան մարդկանց և պատմեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, մի եբրայեցի բերեց մեզ համար, որ խայտառակ անի մեզ։ Նա ինձ մոտ եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես բարձրաձայն աղաղակեցի։ 15Իսկ երբ լսեց, որ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց և դուրս փախավ»։ 16Եվ կինը նրա հագուստը պահեց իր մոտ, մինչև որ իր տերը տուն եկավ։ 17Եվ խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որ դու բերեցիր մեզ համար, եկավ ինձ մոտ, որ խայտառակի ինձ։ 18Իսկ երբ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու դուրս փախավ»։
19Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։ 20Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։ 21Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։ 22Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր կալանավորներին. և ինչ էլ որ արվում էր այնտեղ, պատասխանատուն նա էր։ 23Բանտապետը նրա ձեռքին եղած ոչ մի բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր. ինչ որ նա անում էր, Տերը հաջողություն էր տալիս։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 39: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018