ԾՆՆԴՈՑ 38
38
Հուդան և Թամարը
1Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։ 2Հուդան տեսավ Շավա անունով մի քանանացու աղջկան, առավ նրան և մտավ նրա մոտ։ 3Սա հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Էր։ 4Եվ դարձյալ հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Օնան։ 5Եվ նորից մի որդի ծնեց և անունը Սելոմ դրեց։ Նրան ծնելիս Հուդան Քեզիբում էր։
6Հուդան իր առաջնեկ տղայի՝ Էրի համար կին առավ, անունը՝ Թամար։ 7Հուդայի առաջնեկ Էրը չար էր Տիրոջ առաջ, և Տերը սպանեց նրան։ 8Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, տագրության պարտքդ կատարի՛ր նրա հանդեպ և սերո՛ւնդ հանիր քո եղբոր համար»։ 9Օնանը հասկացավ, որ սերունդն իրենը չի լինելու. դրա համար, երբ մտնում էր իր եղբոր կնոջ մոտ, սերմը գետինն էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը։ 10Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։ 11Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որբևայրի՛ նստիր քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելոմը մեծանա»։ Որովհետև ասաց. «Միգուցե նա էլ մեռնի իր եղբայրների պես»։ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը։
12Շատ օրեր հետո մեռավ Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը։ Երբ Հուդան մխիթարվել էր, իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզողների մոտ։ 13Եվ հայտնեցին Թամարին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։ 14Սա էլ իր վրայից հանեց այրիության զգեստները, քողով ծածկվեց և փաթաթվեց ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքին. որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն կնության չտվին նրան։ 15Հուդան, տեսնելով նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև երեսը ծածկել էր։ 16Ճանապարհին Հուդան դարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թո՛ւյլ տուր մտնեմ քեզ մոտ». որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։ 17Նա էլ ասաց. «Ես իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։ 18Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ։ Եվ նա հղիացավ նրանից։ 19Թամարը վեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։ 20Հուդան ուլն ուղարկեց իր ոդողոմացի բարեկամի ձեռքով, որպեսզի գրավը վերցնի այն կնոջ ձեռքից, բայց նա չգտավ նրան։ 21Եվ այնտեղի մարդկանց հարցրեց՝ ասելով. «Ո՞ւր է այն պոռնիկը, որ Ենայիմի ճանապարհի վրա էր»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։ 22Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Չգտա նրան. տեղի մարդիկ էլ ասացին. “Այստեղ պոռնիկ չի եղել”»։ 23Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե խայտառակ չլինենք։ Ահա ես ուղարկեցի այս ուլը, և դու չգտար նրան»։ 24Երեք ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե՝ «Քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով»։ Այն ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, նա պետք է այրվի»։ 25Երբ դուրս էին հանում նրան, նա գրավներն իր սկեսրայրին ուղարկեց՝ ասելով. «Ես այս բաների տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՛ւմն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։ 26Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։
27Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։ 28Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը ձեռքը մեկնեց։ Մանկաբարձն առավ և նրա ձեռքին կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։ 29Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես#38.29 Պատառումն։։ 30Ապա դուրս եկավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը դրվեց Զարա։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 38: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018