ԾՆՆԴՈՑ 37

37
Հովսեփը և իր եղբայրները
1Հակոբը բնակվեց Քանանի երկրում՝ իր հոր պանդխտության երկրում։ 2Ահա սրանք են Հակոբի սերունդները. Հովսեփը տասնյոթ տարեկան էր և իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց՝ Բաղղայի և Զեղփայի որդիների հետ։ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը։ 3Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։ 4Նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան և չէին կարողանում նրա հետ խաղաղ խոսել։
5Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։ 6Եվ ասաց նրանց. «Լսե՛ք, խնդրեմ, իմ տեսած այս երազը։ 7Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։ 8Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։ 9Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագություն էին անում ինձ»։ 10Եվ պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Իր հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես. մի՞թե ես, քո մայրը և քո եղբայրները գալու ենք, որ մինչև գետին խոնարհություն անենք քեզ»։ 11Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։
Հովսեփը վաճառվում և տարվում է Եգիպտոս
12Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ արածեցնելու իրենց հոր հոտերը։ 13Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ 14Իսրայելն ասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։ 15Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ 16Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»։ 17Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին. “Գնանք Դոթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։ 18Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։ 19Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։ 20Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ 21Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանեք նրան»։ 22Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։
23Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից 24և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ 25Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։ 26Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ 27Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները լսեցին։ 28Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։ 29Ռուբենը դարձավ դեպի գուբը, և ահա Հովսեփը գբի մեջ չէր. և նա պատառոտեց իր հագուստները, 30վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին չկա, հիմա ես ո՞ւր գնամ»։
31Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։ 32Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։ 33Նա ճանաչեց այն և ասաց. «Իմ որդու պատմուճանն է. մի գիշատիչ գազան կերել է նրան. Հովսեփն անպատճառ հոշոտվել է»։ 34Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։ 35Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝#37.35 Կամ մեռելների աշխարհը։ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։ 36Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 37: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք