ԾՆՆԴՈՑ 27:1-41

ԾՆՆԴՈՑ 27:1-41 ՆՎԱԱ

Երբ Իսահակը ծերացավ, և աչքերի տեսողությունը թուլացավ, կանչեց իր ավագ որդի Եսավին և ասաց նրան. «Որդյա՛կ»։ Սա ասաց նրան. «Ահա ես այստեղ եմ»։ Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը։ Հիմա ա՛ռ քո զենքերը՝ քո կապարճն ու քո աղեղը, դուրս եկ գնա՛ դաշտ և ինձ համար մի ո՛րս արա։ Ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։ Ռեբեկան լսում էր, երբ Իսահակը խոսում էր իր որդու՝ Եսավի հետ։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի և բերի։ Իսկ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբի հետ՝ ասելով. «Ես լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբոր՝ Եսավի հետ և ասում. “Ինձ համար ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առջև իմ մեռնելուց առաջ”։ Հիմա լսի՛ր ինձ, որդի՛ս, ինչ որ պատվիրում եմ քեզ։ Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ո՛ւլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ Դու կտանես քո հորը, նա կուտի և դրա համար կօրհնի քեզ իր մեռնելուց առաջ»։ Հակոբն ասաց իր մորը՝ Ռեբեկային. «Իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։ Գուցե իմ հայրն ինձ շոշափի, և ես նրա աչքին խաբեբա դառնամ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»։ Մայրը նրան ասաց. «Քո անեծքն ինձ վրա, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ և գնա ուլերը բե՛ր ինձ համար»։ Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։ Ռեբեկան առավ իր մեծ որդի Եսավի լավագույն հանդերձները, որ տանն իր մոտ էին, և հագցրեց իր փոքր որդի Հակոբին։ Եվ ուլերի մորթիներն էլ հագցրեց նրա ձեռքերին ու վզի լերկ տեղին։ Եվ խորտիկները և այն հացն էլ, որ պատրաստել էր, տվեց իր որդի Հակոբի ձեռքը։ Նա գնաց իր հոր մոտ և ասաց. «Հա՛յր իմ»։ Հայրն ասաց. «Ահա ես այստեղ եմ. ո՞վ ես դու, որդի՛ս»։ Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ»։ Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ի՞նչ շուտ գտար որսը, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»։ Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցի՛ր, և թող շոշափեմ քեզ, որդի՛ս, թե արդյոք դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։ Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։ Եվ չճանաչեց նրան, որովհետև ձեռքերը նրա եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։ Եվ ասաց. «Սա դո՞ւ ես, իմ որդի՛ Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։ Իսահակն ասաց. «Մոտեցրո՛ւ ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։ Հակոբը խորտիկները մոտեցրեց նրան, և նա կերավ. և գինի բերեց նրա համար, ու նա խմեց։ Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ, որդի՛ս»։ Նա մոտեցավ և համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան ու ասաց. «Տե՛ս, իմ որդու հոտը նման է այն դաշտի հոտին, որ օրհնեց Տերը։ Թող Աստված քեզ տա երկնքի ցողից, երկրի պարարտությունից և ցորենի ու գինու առատություն տա։ Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ երկրպագեն քեզ. տե՛ր եղիր քո եղբայրների վրա, և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները. քեզ անիծողներն անիծյալ, և քեզ օրհնողներն օրհնյալ լինեն»։ Երբ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի առջևից, որսից եկավ նրա եղբայր Եսավը։ Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց իր հոր մոտ և ասաց հորը. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, և կե՛ր քո որդու որսից, որպեսզի քո օրհնությունը տաս ինձ»։ Նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»։ Իսահակը սարսափահար սաստիկ ցնցվեց և ասաց. «Հապա նա՞ ով էր, որ որս էր արել ու բերել ինձ, և քո գալուց առաջ ես կերա ամենից և օրհնեցի նրան. նա օրհնված էլ կմնա»։ Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, մեծ և դառն աղաղակով սաստիկ լաց եղավ և ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՛նձ էլ»։ Իսահակն ասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնությունը»։ Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ. ահա այս երկու անգամ է, որ խաբում է ինձ. իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ»։ Եվ ասաց. «Ինձ համար օրհնություն չե՞ս թողել»։ Իսահակը պատասխանեց և ասաց Եսավին. «Ահա նրան քեզ վրա տեր դրեցի, նրա բոլոր եղբայրներին նրան տվեցի ծառաներ լինելու համար և նրան ապահովեցի ցորենով ու գինով։ Հիմա քեզ համար ի՞նչ անեմ, որդի՛ս»։ Եսավն ասաց իր հորը. «Մի՞թե դու միայն մեկ օրհնություն ունես, հա՛յր իմ. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ»։ Եվ Եսավը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան և ասաց. «Ահա քո բնակարանը լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից՝ վերևից։ Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։ Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։