ԾՆՆԴՈՑ 26
26
Իսահակը բնակվում է Գերարում
1Սով եղավ երկրում, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում, և Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։ 2Տերը երևաց նրան և ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր. բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ։ 3Պանդո՛ւխտ եղիր այս երկրում, և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ և քո սերնդին եմ տալու այս բոլոր երկրները. և կհաստատեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։ 4Եվ կբազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ. և այս բոլոր երկրները քո սերնդին կտամ, և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն, 5քանի որ Աբրահամը լսեց իմ ձայնը և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու իմ օրենքները»։
6Եվ Իսահակը բնակվեց Գերարում։ 7Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։ 8Եվ երբ նա երկար ժամանակ այնտեղ մնաց, եղավ, որ փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց և տեսավ Իսահակին իր կնոջ՝ Ռեբեկայի հետ խաղալիս։ 9Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց. «Ահա նա իրոք քո կինն է. ինչպե՞ս ասացիր՝ “Նա իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի՝ միգուցե նրա պատճառով մեռնեմ»։ 10Աբիմելեքն ասաց. «Մեզ այս ի՞նչ արեցիր. քիչ էր մնացել, որ ժողովրդից մեկը պառկեր քո կնոջ հետ, և դու հանցանք բերած կլինեիր մեզ վրա»։ 11Եվ Աբիմելեքը հրամայեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ այս մարդուն կամ նրա կնոջը դիպչի, մահով կպատժվի»։ 12Իսահակը ցանեց այդ երկրում և նույն տարում հարյուրապատիկ արդյունք ստացավ, և Տերը օրհնեց նրան, 13և մարդը հարստացավ, հետզհետե ավելի հարստացավ, մինչև որ դարձավ մեծահարուստ։ 14Նա ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ, և փղշտացիները նախանձեցին նրան։ 15Եվ իր հոր՝ Աբրահամի օրոք իր հոր ծառաների բոլոր ջրհորները փղշտացիները փակեցին և դրանք հողով լցրին։ 16Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի զորավոր եղար»։ 17Իսահակը գնաց այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում և բնակվեց այնտեղ։
18Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։ 19Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխող#26.19 Եբր. կենդանի։ ջրի մի հոր։ 20Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեք,#26.20 Կռիվ։ որովհետև իրար հետ կռվեցին։ 21Եվ մի ուրիշ ջրհոր փորեցին, և նրա վրա էլ կռվեցին։ Եվ նրա անունը դրեց Սիթնա։#26.21 Թշնամություն։ 22Նա գնաց այդտեղից և մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Նա դրա անունը դրեց Ռոհոբոթ#26.22 Ընդարձակություն։ և ասաց, թե՝ «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և երկրում պտղաբեր կլինենք»։
23 Իսահակն այդտեղից բարձրացավ Բերսաբեե։ 24Եվ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց. «Ես եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը, մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. կօրհնեմ քեզ և կբազմացնեմ քո սերունդն իմ ծառա Աբրահամի պատճառով»։ 25Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց և կանչեց Տիրոջ անունը. իր վրանը խփեց այդտեղ, և Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։
Համաձայնություն Իսահակի և Աբիմելեքի միջև
26Աբիմելեքը Գերարից գնաց նրա մոտ իր խորհրդական Ոքոզաթի և իր սպարապետ Փիքողի հետ։ 27Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ դուրս արեցիք ձեր մոտից»։ 28Նրանք ասացին. «Մենք տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի ասացինք. “Թող երդում լինի մեր միջև, այսինքն՝ մեր ու քո միջև, և ուխտ կնքենք քեզ հետ, 29որ մեզ չար բան չանես, ինչպես որ մենք էլ քեզ չենք դիպել և միայն բարություն արեցինք քեզ ու խաղաղությամբ ճանապարհ դրինք քեզ։ Դու օրհնված ես Տիրոջից”»։ 30Իսահակը նրանց համար խնջույք արեց, և նրանք կերան ու խմեցին։ 31Վաղ առավոտյան վեր կացան և երդվեցին միմյանց։ Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք խաղաղությամբ գնացին։ 32Նույն օրը Իսահակի ծառաները եկան ու նրան պատմեցին իրենց փորած ջրհորի մասին և ասացին նրան. «Ջուր ենք գտել»։ 33Եվ նրա անունը դրեց Սաբեե.#26.33 Երդում։ դրա համար այդ քաղաքի անունը մինչև այսօր Բերսաբեե#26.33 Երդման ջրհոր։ է։
Եսավի օտար կանայք
34Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։ 35Եվ սրանք Իսահակի և Ռեբեկայի կյանքը դառնացրին։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 26: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018