Գաղատացիներին 4:8-31

Գաղատացիներին 4:8-31 ՆՎԱԱ

Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։ Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ Դուք պահում եք օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ։ Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։ Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի։ Եվ իմ տկարությունը, որ իմ մարմնի մեջ էր, չանարգեցիք ու չարհամարհեցիք, այլ ինձ իբրև Աստծու հրեշտակի ընդունեցիք, ինչպես Քրիստոս Հիսուսին։ Արդ որտե՞ղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ. եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք։ Ուրեմն ձեզ հետ ճշմարիտը խոսելով ձեզ թշնամի՞ եղա։ Կեղծ վարդապետները ձեր նկատմամբ նախանձախնդիր են ոչ բարի նպատակով. ուզում են ձեզ հեռացնել մեզանից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ Սակայն լավ է բարի բանում միշտ նախանձախնդիր լինել և ոչ թե երբ ձեզ մոտ եմ։ Իմ զավակնե՛ր, որ ձեզ համար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը ձեր մեջ կերպավորվի, կամենում էի հիմա ձեզ մոտ գալ ու իմ խոսելաոճը փոխել, որովհետև ձեզ համար տարակուսանքի մեջ եմ։ Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասե՛ք ինձ, օրենքը չե՞ք լսում. որովհետև գրված է, որ Աբրահամը երկու որդիներ ուներ. մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Բայց նա, որ աղախնից էր, ըստ մարմնի էր ծնված՝ բնական ճանապարհով, իսկ նա, որ ազատ կնոջից էր, խոստման համաձայն էր ծնվել։ Այս բաներն այլաբանություն են. այս երկու կանայք երկու կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, ծառայության համար ծնեց, որ է Հագարը։ Որովհետև Հագարը Սինա լեռն է Արաբիայում և համապատասխանում է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է։ Իսկ Վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Որովհետև գրված է. «Ցնծա՛, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, գոչի՛ր ու աղաղակի՛ր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը» ։ Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես խոստման որդիներ ենք։ Բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես է նաև հիմա։ Սակայն Գիրքն ի՞նչ է ասում. «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա» ։ Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ ազատի։

Գաղատացիներին 4:8-31 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում