Գաղատացիներին 4

4
1Այս եմ ասում. քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ 2Բայց վերակացուների և տնտեսների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ 3Այդպես էլ մենք. քանի դեռ երեխաներ էինք, բնության տարերային ուժերի ծառայության տակ էինք։ 4Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, 5որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրություն ընդունենք։ 6Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ 7Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։
Առաքելական հոգսեր
8Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։ 9Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ 10Դուք պահում եք օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ։ 11Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։ 12Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ 13Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի։ 14Եվ իմ տկարությունը, որ իմ մարմնի մեջ էր, չանարգեցիք ու չարհամարհեցիք, այլ ինձ իբրև Աստծու հրեշտակի ընդունեցիք, ինչպես Քրիստոս Հիսուսին։ 15Արդ որտե՞ղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ. եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք։ 16Ուրեմն ձեզ հետ ճշմարիտը խոսելով ձեզ թշնամի՞ եղա։ 17Կեղծ վարդապետները ձեր նկատմամբ նախանձախնդիր են ոչ բարի նպատակով. ուզում են ձեզ հեռացնել մեզանից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ 18Սակայն լավ է բարի բանում միշտ նախանձախնդիր լինել և ոչ թե երբ ձեզ մոտ եմ։ 19Իմ զավակնե՛ր, որ ձեզ համար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը ձեր մեջ կերպավորվի, 20կամենում էի հիմա ձեզ մոտ գալ ու իմ խոսելաոճը փոխել, որովհետև ձեզ համար տարակուսանքի մեջ եմ։
21 Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասե՛ք ինձ, օրենքը չե՞ք լսում. 22որովհետև գրված է, որ Աբրահամը երկու որդիներ ուներ. մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ 23Բայց նա, որ աղախնից էր, ըստ մարմնի էր ծնված՝ բնական ճանապարհով, իսկ նա, որ ազատ կնոջից էր, խոստման համաձայն էր ծնվել։ 24Այս բաներն այլաբանություն են. այս երկու կանայք երկու կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, ծառայության համար ծնեց, որ է Հագարը։ 25Որովհետև Հագարը Սինա լեռն է Արաբիայում և համապատասխանում է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է։ 26Իսկ Վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ 27Որովհետև գրված է.
«Ցնծա՛, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում,
գոչի՛ր ու աղաղակի՛ր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում,
որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են,
քան ամուսին ունեցողինը» (Ես. 54.1)։
28Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես խոստման որդիներ ենք։ 29Բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես է նաև հիմա։ 30Սակայն Գիրքն ի՞նչ է ասում. «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա» (Ծնն. 21.10)։ 31Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ ազատի։

Արդեն Ընտրված.

Գաղատացիներին 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում