ԵԶԵԿԻԵԼ 8
8
Եզեկիելի երկրորդ տեսիլքը
Կռապաշտություն Երուսաղեմում
1Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։ 2Նայեցի, և ահա մի կերպարանք՝ կրակի#8.2 LXX-ում մարդու։ տեսքով, նրա երանքի տեսքից դեպի ցած կրակ էր, իսկ նրա երանքից դեպի վեր՝ մի հրափայլ պղնձի տեսքի նման։ 3Նա ձեռքի նման մի բան մեկնեց և բռնեց ինձ իմ գլխի մազերից, և Հոգին ինձ բարձրացրեց երկրի և երկնքի մեջտեղն ու աստվածային տեսիլքներով ինձ տարավ Երուսաղեմ՝ ներքին դարպասի մուտքը, որ նայում է դեպի հյուսիս, որտեղ նախանձի կուռքն էր՝ նախանձ գրգռողը։ 4Եվ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։
5Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերդ բարձրացրո՛ւ դեպի հյուսիս», և ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի. ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքին, այդ նախանձի կուռքն էր։ 6Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, դու տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ են անում, այդ ահագին պիղծ բաները, որ Իսրայելի տունն անում է այստեղ, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից, ու դեռ ավելի մեծ պիղծ կուռքեր կտեսնես»։
7Եվ ինձ տարավ գավթի դարպասը, և ես նայեցի. ահա մի ծակ կար պատի վրա։ 8Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այս պատը». և ես փորեցի պատը։ Ահա մի դուռ կար։ 9Եվ նա ասաց ինձ. «Մտի՛ր և տե՛ս այդ վատ պիղծ բաները, որ նրանք անում են այստեղ»։ 10Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։ 11Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ, նրանց մեջ և Սափանի որդի Հեզոնիան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։ 12Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես՝ ի՛նչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ՝ իր նկարների սենյակներում, որովհետև ասում են. “Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է երկիրը”»։ 13Նաև ասաց ինձ. «Ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես, որ անում են նրանք»։
14Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքը, որ դեպի հյուսիս էր. այնտեղ ահա կանայք էին նստել, որոնք ողբում էին Թամուզի վրա։ 15Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այս, մարդո՛ւ որդի, դեռ սրանցից ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես»։
16Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։ 17Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, մի՞թե թեթև բան է Հուդայի տան համար այս պիղծ բաներն անել, որ անում են այստեղ, որ երկիրը լցրել են բռնությամբ և առավել գրգռում են իմ բարկությունը։ Եվ ահա նրանք ճյուղը դեպի իրենց քիթն են տանում#8.17 Վիրավորական, արհամարհական ժեստ է ակնարկում։։ 18Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 8: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018