ԵԶԵԿԻԵԼ 7
7
Իսրայելի մոտալուտ վախճանը
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։ 3Հիմա եկել է վախճանը քեզ վրա. իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պիղծ կուռքերի համար պիտի հատուցեմ քեզ։ 4Եվ իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, այլ քեզ պիտի պատժեմ քո ճանապարհների համար և քո մեջ եղած պիղծ կուռքերի համար։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։
5Այսպես է ասում Տեր Աստված. «Աղետ աղետի վրա. ահա գալիս է։ 6Վախճանը գալիս է, գալիս է վախճանը. այն զարթնում է քո դեմ, ահա գալիս է։ 7Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։ 8Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։ 9Եվ իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի պատժեմ քեզ և քո մեջ եղող պիղծ կուռքերի համար, ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որ հարվածում է։ 10Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը#7.10 Գավազանը և ամբարտավանությունը ակնարկում են Նաբուգոդոնոսորին։։ 11Բռնությունն աճեց իբրև ամբարշտության գավազան. ոչ մի բան չպիտի մնա նրանցից, ոչինչ՝ նրանց բազմությունից և ոչինչ՝ նրանց ճոխությունից, և նրանց մեջ ոչ մի վայելչություն չպիտի լինի։ 12Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։ 13Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս երկուսն էլ ապրողների մեջ ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ տեսիլքը հետ չպիտի դառնա իրենց անօրենության պատճառով, ոչ ոք չպիտի կարողանա իր կյանքը պահպանել։
14Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։
Իսրայելի պատիժը մեղքի պատճառով
15Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։ 16Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։ 17Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դառնան։ 18Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։ 19Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։ 20Եվ նրանց զարդերի գեղեցիկից, որով հպարտանում էին, սարքեցին իրենց պիղծ կուռքերը և գարշելի քանդակները. ուստի դրանք անմաքուր առարկա պիտի դարձնեմ նրանց համար։ 21Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն։ 22Եվ ես իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն իմ գանձը#7.22 Այսինքն՝ իմ սուրբ տեղը կամ տաճարը։. ավազակները պիտի մտնեն այնտեղ և պղծեն այն։
23Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։ 24Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։ 25Երբ սարսափը գա, խաղաղություն պիտի որոնեն, բայց չի լինելու։ 26Թշվառության վրա թշվառություն է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու. նրանք տեսիլք պիտի փնտրեն մարգարեից, ուսուցումը#7.26 Կամ Օրենքը։ պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից։ 27Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018