ԵԶԵԿԻԵԼ 4

4
Եզեկիելը հայտնում է Երուսաղեմի պաշարման մասին
1«Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և այն առա՛ջդ դիր ու նրա վրա մի քաղա՛ք փորագրիր՝ Երուսաղեմը։ 2Եվ այն պաշարման տա՛կ առ, նրա դեմ պաշարման հողապատնե՛շ հիմնիր, նրա դեմ պատվա՛ր դիր, բանակատեղինե՛ր կանգնեցրու նրա դեմ և նրա դեմ շուրջբոլորը պարսպակործաննե՛ր տեղադրիր։ 3Եվ դու քեզ համար երկաթե մի տապա՛կ վերցրու և այն դի՛ր իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև, դեմքդ ուղղի՛ր դեպի նրան, և այն թող պաշարման մեջ լինի, և դու նրան պաշարի՛ր. սա մի նշան է Իսրայելի տան համար։
4Եվ դու պառկի՛ր քո ձախ կողքի վրա և նրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես նրա վրա, պիտի կրես նրանց անօրենությունը։ 5Եվ ես քեզ կարգեցի նրա անօրենության տարիները, օրերի թվով՝ երեք հարյուր իննսուն օր, և դու կկրես Իսրայելի տան անօրենությունը։ 6Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։ 7Եվ դու դեպի Երուսաղեմի պաշարո՛ւմն ուղղիր դեմքդ և քո մերկացրած բազկով մարգարեացի՛ր նրա դեմ։ 8Եվ ես ահա պարաններ պիտի դնեմ քեզ վրա, որպեսզի դու մի կողքից մյուս կողքիդ վրա չդառնաս, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը։
9Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։ 10Եվ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով թող լինի՝ օրը քսան սիկղ,#4.10 200 գրամ կամ 0.2 կիլոգրամ է։ մի օրից մյուսը#4.10 Այսինքն՝ օրը մի անգամ, որոշված ժամանակին։ կուտես այն։ 11Ջուրն էլ չափով կխմես՝ հինենի մեկ վեցերորդը,#4.11 0.6 լիտր։ մի օրից մյուսը#4.11 Այսինքն՝ օրը մի անգամ, որոշված ժամանակին։ կխմես այն։ 12Եվ գարու շոթերի պես կուտես այն և մարդու կեղտի վրա կթխես այն նրանց աչքի առաջ»։ 13Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես իրենց հացը անմաքուր պիտի ուտեն այն ազգերի մեջ, ուր որ ես աքսորեմ նրանց»։ 14Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա իմ անձը պղծված չէ, և իմ մանկությունից մինչև հիմա դիակ կամ գազանի հոշոտած միս չեմ կերել, ու բերանս պիղծ միս չի մտել»։ 15Ապա նա ինձ ասաց. «Տե՛ս, մարդու կեղտի փոխարեն արջառի քակորը նշանակեցի քեզ համար. հացդ նրա վրա՛ պատրաստիր»։ 16Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Երուսաղեմում ես պիտի կոտրեմ հացի գավազանը.#4.16 Այսինքն՝ կերակուրի պաշարը պիտի կոտրեմ։ նրանք հացը կշռով ու տագնապով պիտի ուտեն, իսկ ջուրը չափով ու սարսափով պիտի խմեն։ 17Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում