ԵԶԵԿԻԵԼ 3

3
1Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։ 2Եվ ես բացեցի բերանս, ու նա ինձ կերցրեց այն մագաղաթը։ 3Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորդ կերակրի՛ր և ստամոքսդ լցրո՛ւ այս մագաղաթով, որ ես քեզ եմ տալիս»։ Ու ես կերա այն, և նա մեղրի պես քաղցր էր իմ բերանում։ 4Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով. 5որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում, այլ Իսրայելի տան մոտ. 6ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։ 7Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։ 8Ահա քո երեսը նրանց երեսի դեմ ամուր եմ դարձնում և ճակատդ պինդ՝ նրանց ճակատի դեմ։ 9Ադամանդի պես կայծքարից պինդ եմ դարձնելու քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից. նրանք ապստամբների տուն են»։
10Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։ 11Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված”. լսեն, թե զանց առնեն»։
12Ապա Հոգին ինձ բարձրացրեց, և իմ հետևից դղրդալից մի մեծ ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում». 13կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։ 14Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։ 15Եվ ես եկա Թելաբիբ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քեբար գետի մոտ։ Եվ որտեղ որ նրանք էին նստած, ես յոթ օր ապշահար նստեցի այնտեղ՝ նրանց մեջ։
Տերը Եզեկիելին պահակ է կարգում
16Եվ յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 17«Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։ 18Երբ ես ամբարիշտին ասեմ. “Անպատճառ պիտի մեռնես”, դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից#3.18 Բռց. քո ձեռքից։ կպահանջեմ։ 19Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։ 20Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։ 21Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դու էլ կազատես քո կյանքը»։
Եզեկիելը՝ դատապարտված լռության
22Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։ 23Ես վեր կացա, գնացի դուրս՝ դաշտը, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսնիվայր ընկա։ 24Եվ Հոգին մտավ մեջս և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։ 25Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։ 26Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։ 27Իսկ երբ ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված. լսողը թող լսի, զանց առնողը թող զանց առնի”, որովհետև նրանք ապստամբների տուն են»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում