ԵԶԵԿԻԵԼ 36:1-15

ԵԶԵԿԻԵԼ 36:1-15 ՆՎԱԱ

«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի սարերին և ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև թշնամին ասաց ձեր մասին. "Վա՜շ, հավիտենական բարձրադիր վայրերը մեր սեփականությունը դարձան". ուստի մարգարեացի՛ր և ասա՛. "Այսպես է ասում Տեր Աստված. "Հենց նրա համար իսկ, որ ձեզ ամայի դարձրին և չորս կողմից ճզմեցին ձեզ, որ մնացած ազգերի սեփականությունը դառնաք, և մարդկանց չարալեզու վատաբանության թիրախ դարձաք և նախատինք եղաք։ Ուստի, ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը"”»։ Տեր Աստված այսպես է ասում սարերին, բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին և ամայի ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավար և ծաղրանք են դարձել շուրջբոլորը եղող մնացած ազգերին։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։ Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Երդվում եմ, որ ձեր շուրջը եղող ազգերն իրենք ևս նախատինքը պիտի կրեն։ Իսկ դուք, ո՛վ Իսրայելի սարեր, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք իմ Իսրայել ժողովրդի համար, որը շուտով գալու է։ Որովհետև ահա ես ձեզ հետ եմ և դեպի ձեզ եմ դարձել, և դուք պիտի մշակվեք ու սերմանվեք։ Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։ Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք"”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեզ ասում են. “Դու մարդ ուտող ես և քո ժողովրդին անզավակ ես արել”, դրա համար այլևս մարդ չպիտի ուտես և այլևս քո ազգին անզավակ չպիտի անես,- ասում է Տեր Աստված։- Եվ քեզ այլևս լսել չպիտի տամ ազգերի անարգանքը, և այլևս չպիտի կրես ժողովուրդների նախատինքը և քո ազգին սայթաքում չպիտի պատճառես»,- ասում է Տեր Աստված։