ԵԶԵԿԻԵԼ 36

36
Աստծու օրհնությունը Իսրայելին
1«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի սարերին և ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տիրոջ խոսքը։ 2Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև թշնամին ասաց ձեր մասին. "Վա՜շ, հավիտենական բարձրադիր վայրերը մեր սեփականությունը դարձան". 3ուստի մարգարեացի՛ր և ասա՛. "Այսպես է ասում Տեր Աստված. "Հենց նրա համար իսկ, որ ձեզ ամայի դարձրին և չորս կողմից ճզմեցին ձեզ, որ մնացած ազգերի սեփականությունը դառնաք, և մարդկանց չարալեզու վատաբանության թիրախ դարձաք և նախատինք եղաք։ 4Ուստի, ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը"”»։ Տեր Աստված այսպես է ասում սարերին, բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին և ամայի ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավար և ծաղրանք են դարձել շուրջբոլորը եղող մնացած ազգերին։ 5Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։
6Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։ 7Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Երդվում եմ, որ ձեր շուրջը եղող ազգերն իրենք ևս նախատինքը պիտի կրեն։ 8Իսկ դուք, ո՛վ Իսրայելի սարեր, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք իմ Իսրայել ժողովրդի համար, որը շուտով գալու է։ 9Որովհետև ահա ես ձեզ հետ եմ և դեպի ձեզ եմ դարձել, և դուք պիտի մշակվեք ու սերմանվեք։ 10Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։ 11Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ 12Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք"”»։
13Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեզ ասում են. “Դու մարդ ուտող ես և քո ժողովրդին անզավակ ես արել”, 14դրա համար այլևս մարդ չպիտի ուտես և այլևս քո ազգին անզավակ չպիտի անես,- ասում է Տեր Աստված։- 15Եվ քեզ այլևս լսել չպիտի տամ ազգերի անարգանքը, և այլևս չպիտի կրես ժողովուրդների նախատինքը և քո ազգին սայթաքում չպիտի պատճառես»,- ասում է Տեր Աստված։
Իսրայելի նոր կյանքը
16Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 17«Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունն իր երկրում բնակվեց և իր ճանապարհով ու իր գործերով անմաքուր դարձրեց այն, նրանց ճանապարհն իմ առաջ դաշտանավորի անմաքրության պես եղավ։ 18Ուստի իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ թափել էին երկրի վրա, և այն կուռքերի համար, որոնցով անմաքուր էին դարձրել այն։ 19Նրանց ցրեցի ազգերի մեջ, նրանք ցիրուցան եղան երկրների մեջ. նրանց ճանապարհի և նրանց արարքների համեմատ դատաստան արեցի նրանց։ 20Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։ 21Սակայն ես խնայեցի իմ սուրբ անունը, որն Իսրայելի տունը պղծեց այն ազգերի մեջ, ուր գնացել էին։
22Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ոչ թե ձեզ համար եմ անում, ո՛վ Իսրայելի տուն, այլ իմ սուրբ անվան համար, որը դուք պղծեցիք այն ազգերի մեջ, ուր գնացել եք։ 23Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։ 24Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի միջից և բոլոր երկրներից հավաքեմ ձեզ և ձեր երկիրը բերեմ ձեզ։ 25Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։ 26Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ 27Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։ 28Պիտի բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին, և իմ ժողովուրդը լինեք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ։ 29Ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից, պիտի կանչեմ ցորենն ու շատացնեմ այն և ձեզ վրա սով չպիտի բերեմ։ 30Ծառերի պտուղը և դաշտի բերքը պիտի առատացնեմ, որպեսզի ազգերի մեջ սովի նախատինք այլևս չկրեք։ 31Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից։ 32Ոչ թե ձեզ համար եմ անում,- ասում է Տեր Աստված,- թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք և պատկառե՛ք ձեր ճանապարհներից, ո՛վ Իսրայելի տուն"”»։
33Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և քաղաքները մարդաբնակ կանեմ, որ ավերակները շինվեն, և 34ամայացած հողը մշակվի՝ փոխանակ ամայություն լինելու ամեն անցորդի աչքին, 35պիտի ասեն. “Այս ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել, ու նրա քաղաքները՝ ավերակ, ամայի ու քարուքանդ, պարսպավոր և մարդաբնակ են դարձել”։ 36Եվ ձեր շուրջբոլորը մնացած ազգերը պիտի իմանան, որ Տերը՝ ես եմ կառուցում քանդվածները, տնկում ամայացածը։ Ես եմ Տերը. ինչ խոսեցի, պիտի կատարեմ»։
37Այսպես է ասում Տեր Աստված. «Իսրայելի տունը դեռ այս էլ պիտի խնդրի ինձնից, որ անեմ նրանց համար. նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես։ 38Զոհերի հոտի պես, Երուսաղեմի հոտի պես՝ նրա հանդիսավոր տոներին. այդ ավերակ քաղաքներն այնպես պիտի լինեն՝ մարդկանց հոտերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 36: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք