ԵԶԵԿԻԵԼ 34:11-24

ԵԶԵԿԻԵԼ 34:11-24 ՆՎԱԱ

Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։ Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։ Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։ Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։ Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։ «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։ Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։ Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։ Եվ մի՞թե իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածը պիտի ուտեն և ձեր ոտքերով պղտորածը պիտի խմեն»։ Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև։ Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։ Ես պիտի ազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։ Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։ Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։

ԵԶԵԿԻԵԼ 34:11-24 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր