ԵԶԵԿԻԵԼ 34
34
Իսրայելի հովիվները
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։ 3Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։ 4Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։ 5Եվ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան և կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին։ Ցիրուցան եղան, 6մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա"”։
7Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. 8“Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում. 9ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. 10այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես հովիվների դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու իմ ոչխարների համար. և նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց բերանից, որպեսզի ուտելիք չլինեն նրանց համար"”»։
Բարի հովիվը
11Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։ 12Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։ 13Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։ 14Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։ 15Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։ 16«Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։
17Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։ 18Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։ 19Եվ մի՞թե իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածը պիտի ուտեն և ձեր ոտքերով պղտորածը պիտի խմեն»։
20Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև։ 21Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։ 22Ես պիտի ազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։ 23Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։ 24Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։ 25Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կապեմ և չար գազաններին պիտի անհետացնեմ այդ երկրից, և նրանք ապահով կբնակվեն անապատում և կքնեն անտառներում։ 26Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։ 27Եվ դաշտի ծառն իր պտուղը պիտի տա, երկիրն իր բերքը պիտի տա. նրանք ապահով պիտի լինեն իրենց երկրում ու պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց լուծի փայտերը կոտրեմ և նրանց ազատեմ իրենց ստրկացնողների ձեռքից։ 28Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։ 29Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։ 30Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։
31«Եվ դուք իմ ոչխարները՝ իմ արոտի ոչխարները, մա՛րդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,- ասում է Տեր Աստված։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 34: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018