ԵԶԵԿԻԵԼ 33

33
Աստված Եզեկիելին պահակ է կարգում
(3.16-21)
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. “Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն, 3և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի, 4բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։ 5Նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի, և եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր։ 6Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։
7Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։ 8Երբ ես ամբարիշտին ասեմ. “Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես”, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։ 9Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։
Անհատական պատասխանատվություն
10Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"”։ 11Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։
12Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։ 13Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։ 14Նաև երբ ամբարիշտին ասեմ. "Դու անպատճառ պիտի մեռնես", և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի, 15ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։ 16Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։
17Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։ 18Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։ 19Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։ 20Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն»։
Երուսաղեմի անկման լուրը
21Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։
22Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։
Ժողովրդի մեղքերը
23Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 24«Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։ 25Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք միսը արյունով եք ուտում և ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն եք բարձրացնում ու արյուն եք թափում, և դո՞ւք տիրանաք երկրին։ 26Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին"”։ 27Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ 28Երկիրը բոլորովին ամայի պիտի դարձնեմ, պիտի վերանա նրա ամբարտավան զորությունը, և Իսրայելի սարերն ամայի պիտի դառնան, որ անցնող չլինի։ 29Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ"”»։
Մարգարեի պատգամի արդյունքները
30«Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։ 31Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։ 32Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։ 33Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 33: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք