Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։ Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։ Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։ Եվ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան և կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին։ Ցիրուցան եղան, մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա"”։
Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում. ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես հովիվների դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու իմ ոչխարների համար. և նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց բերանից, որպեսզի ուտելիք չլինեն նրանց համար"”»։
Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։ Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։ Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։ Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։ Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։ «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։