ԵԶԵԿԻԵԼ 33:1-20

ԵԶԵԿԻԵԼ 33:1-20 ՆՎԱԱ

Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. “Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն, և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի, բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։ Նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի, և եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր։ Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։ Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։ Երբ ես ամբարիշտին ասեմ. “Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես”, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։ Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։ Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"”։ Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։ Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։ Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։ Նաև երբ ամբարիշտին ասեմ. "Դու անպատճառ պիտի մեռնես", և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի, ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։ Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։ Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։ Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։ Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն»։