ԵԶԵԿԻԵԼ 3:1-27

ԵԶԵԿԻԵԼ 3:1-27 ՆՎԱԱ

Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։ Եվ ես բացեցի բերանս, ու նա ինձ կերցրեց այն մագաղաթը։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորդ կերակրի՛ր և ստամոքսդ լցրո՛ւ այս մագաղաթով, որ ես քեզ եմ տալիս»։ Ու ես կերա այն, և նա մեղրի պես քաղցր էր իմ բերանում։ Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով. որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում, այլ Իսրայելի տան մոտ. ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։ Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։ Ահա քո երեսը նրանց երեսի դեմ ամուր եմ դարձնում և ճակատդ պինդ՝ նրանց ճակատի դեմ։ Ադամանդի պես կայծքարից պինդ եմ դարձնելու քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից. նրանք ապստամբների տուն են»։ Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։ Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված”. լսեն, թե զանց առնեն»։ Ապա Հոգին ինձ բարձրացրեց, և իմ հետևից դղրդալից մի մեծ ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում». կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։ Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։ Եվ ես եկա Թելաբիբ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քեբար գետի մոտ։ Եվ որտեղ որ նրանք էին նստած, ես յոթ օր ապշահար նստեցի այնտեղ՝ նրանց մեջ։ Եվ յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։ Երբ ես ամբարիշտին ասեմ. “Անպատճառ պիտի մեռնես”, դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։ Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։ Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։ Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դու էլ կազատես քո կյանքը»։ Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։ Ես վեր կացա, գնացի դուրս՝ դաշտը, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսնիվայր ընկա։ Եվ Հոգին մտավ մեջս և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։ Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։ Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։ Իսկ երբ ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված. լսողը թող լսի, զանց առնողը թող զանց առնի”, որովհետև նրանք ապստամբների տուն են»։