ԵԶԵԿԻԵԼ 29
29
Մարգարեություն Եգիպտոսի դեմ
1Տասներորդ տարվա տասներորդ ամսվա տասներկուսին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ։ 3Խոսի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Եգիպտոսի փարավոն թագավոր, ո՛վ մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես. "Իմ գետն իմն է, և ես եմ շինել ինձ համար"։ 4Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։ 5Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։ 6Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տերը, որովհետև նրանք եղեգի ցուպ եղան Իսրայելի տան համար։ 7Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց բոլորի ուսը պատռեցիր։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց մեջքը կոտրեցիր"”»։
8Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես սուր եմ բերում քեզ վրա և քո միջից պիտի վերացնեմ մարդն ու անասունը։ 9Եգիպտոսի երկիրն ամայի և անապատ պիտի դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև դու ասացիր. “Գետն իմն է, և ես եմ շինել”։ 10Դրա համար ահա ես դեմ եմ քեզ և քո գետերին. Եգիպտոսի երկիրն ավերակ ու անապատ ու ամայի պիտի դարձնեմ Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը։ 11Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի։ 12Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։
13Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քառասուն տարի հետո ես եգիպտացիներին պիտի ժողովեմ այն ժողովուրդներից, ուր որ ցրված են եղել։ 14Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։ 15Թագավորություններից ամենախոնարհը պիտի լինի և այլևս իրեն չպիտի բարձրացնի ազգերի վրա. իրենց այնքան փոքր պիտի անեմ, որ երբեք ազգերի վրա չիշխեն։ 16Իսրայելի տան համար այն այլևս վստահություն չպիտի լինի՝ նրանց հիշեցնելով նրանց անօրենությունը, երբ նրան էին ապավինել։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տեր Աստված»։
Բաբելոնի թագավորը տիրելու է Եգիպտոսին
17Եվ քսանյոթերորդ տարվա առաջին ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 18«Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։ 19Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։ 20Իր աշխատանքի համար իբրև վարձ նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար է աշխատել»,- ասում է Տեր Աստված։ 21«Այդ օրն Իսրայելի տան համար մի եղջյուր պիտի բուսցնեմ և նրանց մեջ քո շուրթերը պիտի բանամ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 29: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018