ԵԶԵԿԻԵԼ 28

28
Մարգարեություն Տյուրոսի թագավորի դեմ
1Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև սիրտդ գոռոզացավ, և ասացիր. "Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում", բայց դու մարդ ես և ոչ Աստված, թեև դու քո միտքն Աստծու մտքի տեղն ես դրել"։ 3Ահա դու Դանիելից իմաստուն ես. ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար։ 4Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։ 5Քո մեծ իմաստությամբ, քո առևտրով շատացրիր քո հարստությունը, և սիրտդ գոռոզացավ քո հարստությամբ”։ 6Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու քո միտքը Աստծու մտքի նման ես համարում, 7դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։ 8Քեզ գուբը պիտի գցեն, և դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։ 9Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես. "Ես Աստված եմ", մինչդեռ դու մարդ ես և ոչ Աստված՝ քեզ խոցողների ձեռքում։ 10Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Տեր Աստված։
Տյուրոսի թագավորի անկումը
11Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 12«Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դու կատարելության կնիքն էիր՝ լի իմաստությամբ և կատարյալ գեղեցկությամբ։ 13Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։ 14Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզ այդպիսին կարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։ 15Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։ 16Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։ 17Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։ 18Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։ 19Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"”»։
Մարգարեություն Սիդոնի դեմ
20Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 21«Մարդո՛ւ որդի, երեսդ դեպի Սիդո՛ն ուղղիր և մարգարեացի՛ր նրա դեմ 22և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում"։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։ 23Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ և նրա փողոցների մեջ՝ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։ 24Եվ Իսրայելի տան համար այլևս նրանց բոլոր շրջակայքերից ծակող տատասկ և ցավեցնող փուշ չպիտի լինի, որոնք նրան արհամարհում են։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ Տեր Աստված”։
Իսրայելը պիտի օրհնվի
25Այսպես է ասում Տեր Աստված. “Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել եմ, և երբ ազգերի աչքի առաջ իմ սրբությունը բացահայտեմ նրանցով, այն ժամանակ նրանք կբնակվեն իրենց հողի վրա, որ ես տվեցի իմ ծառա Հակոբին։ 26Եվ նրանք ապահովությամբ կբնակվեն նրա վրա, տներ կկառուցեն և այգիներ կտնկեն ու ապահով կապրեն. երբ ես դատաստաններ անեմ իրենց շրջակայքի իրենց բոլոր արհամարհողներին։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը”»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 28: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք