ԵԶԵԿԻԵԼ 27

27
Ողբ Տյուրոսի վրա
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի վրա ո՛ղբ բարձրացրու 3և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. “Ես գեղեցկության կատարելությունն եմ”։ 4Ծովի սրտում էին քո սահմանները. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը։
5Քո բոլոր նավակողերը Սանիրի մայրուց շինեցին. Լիբանանից եղևին վերցրին քեզ վրա կայմ շինելու համար։ 6Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։ 7Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։ 8Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։ 9Գեբաղի երեցներն ու նրա ճարտար մարդիկ քո մեջ էին, նավերիդ ճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։ 10Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։ 11Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։
12Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։ 13Հավանը, Թոբելը և Մոսոքը քեզ հետ վաճառականություն էին անում. նրանք քեզ հետ մարդկանց և պղնձե անոթների առևտուր էին անում։ 14Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց։ 15Դեդանի#27.15 Հռոդոս։ որդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։ 16Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։ 17Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։ 18Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։ 19Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։ 20Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։ 21Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։ 22Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։ 23Հարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քեզ հետ վաճառականություն էին անում։ 24Նրանք քեզ հետ քո վաճառանոցներում առևտուր էին անում շքեղ կերպասներով, կապուտակ և ասեղնագործ վերարկուներով, երփներանգ մանածներով, հյուսած չվաններով և եղևնափայտե սնդուկներով։ 25Քո առևտրի համար Թարսիսի նավերը նավարկում էին քո ապրանքներով, ուստի դու լցվեցիր և ծանրորեն բեռնավորվեցիր ծովի սրտում։
26Թիավարներդ քեզ շատ խոր ջրերով տարան, արևելյան քամին քեզ խորտակեց ծովի սրտում։ 27Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քո նավերի ճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։ 28Քո նավաստիների աղաղակի ձայնից ծովեզրյա տարածքները պիտի դողան։ 29Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջ եղող բոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն 30և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։ 31Եվ իրենց մազերը կածիլեն քեզ համար, քուրձեր կհագնեն ու դառը հոգով լաց կլինեն քեզ վրա դառը սուգով 32և կողբան ու կսգան քեզ, եղերերգ կբարձրացնեն քեզ համար. “Ո՞վ է Տյուրոսի նման, երբ ծովի մեջտեղում այն բնաջնջվեց”։ 33Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, շատ ազգերի հագեցրիր. քո ապրանքների և քո առևտրի առատությամբ երկրի թագավորներին հարստացրիր։ 34Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։ 35Ծովեզերքի բոլոր բնակիչներն ապշել են քեզ վրա. նրանց թագավորները սաստիկ զարհուրեցին. այլայլվել են նրանց դեմքերը։ 36Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք