ԵԶԵԿԻԵԼ 26

26
Մարգարեություն Տյուրոսի դեմ
1Եվ տասնմեկերորդ տարվա ամսի մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. “Վա՜շ, կոտրվեցին "ժողովուրդների դռները", դեպի ինձ դարձավ. ես պիտի լցվեմ նրա կործանվելով”։ 3Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ահա քեզ դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և շատ ազգեր պիտի հանեմ քո դեմ, ինչպես որ ծովն իր ալիքներն է բարձրացնում։ 4Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան չոր ապառաժ պիտի դարձնեմ։ 5Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա, որովհետև ես եմ խոսել,- ասում է Տեր Աստված,- և նա ազգերին ավար պիտի դառնա, 6և նրա դուստր քաղաքները, որոնք դաշտում են, սրով պիտի սպանվեն, ու պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։
7Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։ 8Նա դաշտում սրով պիտի սպանի քո դուստրքաղաքներին և քո դեմ պաշարման հողապատնեշ պիտի շինի, քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի և քո դեմ ասպար պիտի բարձրացնի։ 9Եվ իր կործանիչ մեքենաների հարվածները պիտի ուղղի քո պարիսպների դեմ և իր տապարներով պիտի քանդի քո աշտարակները։ 10Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկի նրանց փոշին, ձիավորների, կառքերի և մարտակառքերի դղրդյունից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դռներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք։ 11Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։ 12Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։ 13Եվ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, և քո քնարների ձայնն այլևս չպիտի լսվի։ 14Ես քեզ չոր ապառաժ պիտի դարձնեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս չպիտի կառուցվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։
15Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։ 16Այն ժամանակ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և հանեն իրենց պատմուճանները, իրենց ասեղնագործված հագուստներից պիտի մերկանան, սոսկում պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու ապշեն քեզ վրա։ 17Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։ 18Հիմա քո կործանման օրը ծովեզերքը պիտի դողա, և ծովում եղող ծովեզրերը պիտի ապշեն քո անկումից”»։
19Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ես քեզ ավերակ քաղաք դարձնեմ անբնակ քաղաքների պես, երբ անդունդը քեզ վրա բարձրացնեմ, որ շատ ջրեր ծածկեն քեզ, 20և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։ 21Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 26: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում