ԵԶԵԿԻԵԼ 14:1-8

ԵԶԵԿԻԵԼ 14:1-8 ՆՎԱԱ

Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։ Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Իսրայելի տնից ամեն մի մարդու, որ իր կուռքերն իր սրտում բարձրացրել է և իր անօրենության գայթակղությունն իր դեմքի առաջ է դրել և մարգարեի մոտ է գալիս, ես՝ Տերը, նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուռքերի շատության, որպեսզի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով"”։ Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը, որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։ Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և նրան նշան ու առակ պիտի դարձնեմ և նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։