ԵԶԵԿԻԵԼ 14

14
Աստված դատապարտում է կռապաշտությունը
1Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս։ 2Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 3«Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։#14.3 Բռց. Թողնե՞մ, որ ինձ հարցնեն։ 4Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Իսրայելի տնից ամեն մի մարդու, որ իր կուռքերն իր սրտում բարձրացրել է և իր անօրենության գայթակղությունն իր դեմքի առաջ է դրել և մարգարեի մոտ է գալիս, ես՝ Տերը, նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուռքերի շատության, 5որպեսզի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով"”։
6Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը, 7որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։ 8Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և նրան նշան ու առակ պիտի դարձնեմ և նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։
9Եվ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի, Տերը՝ ես եմ մոլորեցրել այդ մարգարեին և իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան բնաջնջեմ իմ Իսրայել ժողովրդի միջից։ 10Եվ այսպես իրենց անօրինության պատիժը պիտի կրեն. ինչպես մարգարեի պատիժն է, հարցնողի պատիժը նույնը պիտի լինի, 11որպեսզի Իսրայելի տունն այլևս չմոլորվի ինձնից, և այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր հանցանքներով, և նրանք իմ ժողովուրդը լինեն, իսկ ես նրանց Աստվածը լինեմ"”»,- ասում է Տեր Աստված։
Նոյ, Դանիել, Հոբ
12Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 13«Մարդո՛ւ որդի, երբ մի երկիր մեղանչի իմ դեմ՝ անհավատարմություն գործելով, և ես իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ և կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը, 14նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն՝ Նոյը, Դանիելը և Հոբը, սրանք իրենց արդարությամբ իրենց անձերը կազատեն»,- ասում է Տեր Աստված։
15«Եթե ես չար գազաններ ուղարկեմ մի երկրով, նրան անզավակ դարձնեն, և նա ամայի դառնա, որ անցնող չլինի գազանների պատճառով, 16նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել. միայն իրենք կազատվեն, ու երկիրն ամայի կդառնա։
17Կամ եթե սուր բերեմ այն երկրի վրա և ասեմ. “Թող սուրն անցնի այդ երկրով”, և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը, 18թեև այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված.- նույնիսկ իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել, այլ միայն իրենք կազատվեն։
19Կամ եթե ժանտախտ ուղարկեմ այն երկիրը և իմ զայրույթը թափեմ նրա վրա արյունով՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար, 20և Նոյը, Դանիելը և Հոբը նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- ո՛չ որդի, ո՛չ դուստր չեն ազատելու. նրանք իրենց արդարությամբ միայն իրենց անձը կազատեն»։
21Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Որչափ ավելի, երբ իմ չորս վատ պատիժները՝ սուրը, սովը, չար գազաններն ու ժանտախտը, բերեմ Երուսաղեմի վրա՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար։ 22Եվ ահա նրա մեջ մնացորդ պիտի մնա՝ ազատվածներ, որոնք որդիներ ու դուստրեր դուրս պիտի բերեն այնտեղից. ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքն#14.22 Բռց. ճանապարհը։ ու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասի վերաբերյալ, որ բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի վերաբերյալ, որ բերեցի նրա վրա։ 23Եվ նրանք պիտի մխիթարեն ձեզ, երբ տեսնեք նրանց վարքն ու նրանց բոլոր արարքները։ Եվ դուք կիմանաք, որ առանց պատճառի չէ, որ արել եմ այն ամենը, ինչ արել եմ նրա մեջ»,- ասում է Տեր Աստված։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում