Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։ Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։ Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։ Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։ Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։ Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։ Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։ Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։
Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։ Եվ նրանց չորսի տեսքը մի նմանություն ուներ. կարծես թե անիվն անիվի մեջ լիներ։ Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։ Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։ Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։ Եվ ամեն մի քերովբե չորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։ Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։ Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։ Երբ քերովբեները կանգնում էին, անիվներն էլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։
Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։ Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։ Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։ Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։ Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։