ԵԼՔ 8:20-28

ԵԼՔ 8:20-28 ՆՎԱԱ

Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։ Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։ Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։ Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը"”»։ Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։ Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում»։ Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել. որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չե՞ն քարկոծի։ Ուրեմն երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։ Փարավոնն ասաց. «Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Ինձ համար աղոթե՛ք»։