ԵԼՔ 8

8
2. Գորտեր
1Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ 2Եթե չուզենաս արձակել, ահա ես գորտերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։ 3Գետում գորտեր կվխտան. դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների և քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի տաշտերը։ 4Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա"”»։
5Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Ահարոնին. “Մեկնի՛ր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի ու լճերի վրա և գորտե՛ր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա”»։ 6Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։ 7Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։
8Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը»։ 9Մովսեսն ասաց փարավոնին. «Ժամանա՛կ որոշիր ինձ համար, թե ե՛րբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների և քո ժողովրդի համար, որ գորտերը կորչեն քեզանից ու քո տներից և միայն գետում մնան»։ 10Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող քո ասածի պես լինի, որպեսզի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։ 11Գորտերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից և քո ժողովրդից. միայն գետի մեջ կմնան»։ 12Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա։ 13Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը. գորտերը սատկեցին ու վերացան տներից, բակերից և արտերից։ 14Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը հոտեց։ 15Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
3. Ոջիլ
16Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Գավազանդ մեկնի՛ր և հարվածի՛ր գետնի հողին, որպեսզի ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”»։ 17Այդպես էլ արեցին։ Ահարոնն իր ձեռքը մեկնեց իր գավազանով և հարվածեց գետնի հողին, ու ոջիլ եղավ մարդկանց և անասունների վրա։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա գետնի հողը ոջիլ դարձավ։ 18Մոգերն էլ իրենց կախարդություններով փորձեցին նույնն անել, որպեսզի ոջիլներ հանեն, բայց չկարողացան։ Եվ այսպես մարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ։ 19Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
4. Շնաճանճ
20Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։ 21Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։ 22Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։ 23Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը"”»։ 24Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։
25Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում»։ 26Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել. որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չե՞ն քարկոծի։ 27Ուրեմն երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։ 28Փարավոնն ասաց. «Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Ինձ համար աղոթե՛ք»։ 29Մովսեսն ասաց. «Ահա ես դուրս կգամ քո մոտից և կաղաչեմ Տիրոջը, որ վաղը շնաճանճերը հեռանան փարավոնից, նրա ծառաներից և նրա ժողովրդից։ Բայց փարավոնը թող այլևս չխաբի ժողովրդին՝ թույլ չտալով, որ զոհ մատուցի Տիրոջը»։ 30Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։ 31Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց ու վերացրեց շնաճանճերը փարավոնի, նրա ծառաների և նրա ժողովրդի վրայից։ Մի հատ էլ չմնաց։ 32Բայց փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը և չարձակեց ժողովրդին։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք