ԵԼՔ 5
5
Մովսեսը և Ահարոնը փարավոնի առջև
1Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Թո՛ւյլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում”»։ 2Փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ անսամ նրա խոսքերին և թողնեմ Իսրայելին. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս»։ 3Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա»։ 4Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ժողովրդին ինչո՞ւ եք ետ պահում իրենց գործերից. գնացե՛ք ձեր գործին»։ 5Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից»։
6Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով. 7«Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։ 8Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։ 9Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն և դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն»։ 10Ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս եկան և դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ հարդ չեմ տա. 11ինքնե՛րդ գնացեք ու ձեզ համար հա՛րդ ձեռք բերեք, ուր որ գտնեք”. սակայն ձեր աշխատանքից մի բան չպետք է պակասի»։ 12Ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ՝ հարդի տեղ խոզան հավաքելու համար։ 13Գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր ամենօրյա գործը լրացրե՛ք, ինչպես հարդ եղած ժամանակ»։ 14Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։
15Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։ 16Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են. “Աղյուսնե՛ր շինեք”։ Քո ծառաներին ահա ծեծեցին, և հանցանքը քո ժողովրդինն է»։ 17Փարավոնը պատասխանեց. «Դուք ծույլ եք, ծույլ. դրա համար էլ ասում եք, թե՝ “Գնանք Տիրոջը զոհ մատուցենք”։ 18Ուստի հիմա գնացե՛ք և աշխատե՛ք. ձեզ հարդ չի տրվելու, բայց նույն քանակությամբ աղյուս պետք է տաք»։
19Իսրայելի որդիների վերակացուները իրենց չարիքի մեջ տեսան, երբ որ ասվեց, թե՝ «Ձեր աղյուսների քանակից ոչինչ չպակասեցնեք. օրական գործն իր օրը տվե՛ք»։ 20Փարավոնի մոտից դուրս գալով՝ նրանք հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց։ 21Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ. դուք մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ՝ մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։
Մովսեսը գանգատվում է Աստծուն
22Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։ 23Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018