ԵԼՔ 39:22-31

ԵԼՔ 39:22-31 ՆՎԱԱ

Եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջությամբ հյուսված կապույտ բրդից։ Պատմուճանը մեջտեղի մասում մի բացվածք ուներ, որ նման էր զրահի բացվածքի. բացվածքի շուրջը մի եզերք կար, որպեսզի պատմուճանը չպատռվի։ Պատմուճանի քղանցքներին գործեցին կապույտից, ծիրանագույնից և կարմիրից հյուսված նռնածաղիկներ։ Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները դրեցին պատմուճանի քղանցքների շուրջբոլորը, նռնածաղիկների միջև. մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ, մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ պատմուճանի քղանցքներին՝ շուրջանակի. դա ծառայություն անելու համար, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Նրանք նուրբ կտավից հյուսված շապիկներ պատրաստեցին Ահարոնի և նրա որդիների համար։ Խույրը՝ նուրբ կտավից և գլխարկի ապարոշները՝ նուրբ կտավից և անդրավարտիքները՝ մանած նուրբ կտավից։ Գոտին նույնպես՝ կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից, նկարազարդ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին, ինչպես փորագրում են կնիքը. «ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ»։ Այն կապեցին կապույտ մի ժապավենով, որպեսզի վերևից դրվի խույրի վրա, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։