ԵԼՔ 39

39
Քահանաների զգեստների պատրաստությունը
(Ելք 28.1-14)
1Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
2Եփուդը պատրաստեցին ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։ 3Ոսկու թիթեղները ծեծեցին և թել-թել կտրեցին, որպեսզի դրանք գործվեն կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավի հետ՝ վարպետորեն հյուսելով։ 4Ագուցիկ ուսադիրներ պատրաստեցին նրան. այն կոճկվում էր երկու ծայրերից։ 5Եփուդի վրայի գոտին հենց իրենից էր, ուներ նույն գործվածքը, ոսկուց և կապույտ, ծիրանի ու կարմիր և մանած նուրբ կտավից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
6Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։ 7Դրանք դրեցին եփուդի ուսերի վրա՝ իբրև հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Լանջապանակի պատրաստությունը
(Ելք 28.15-30)
8Եփուդի գործվածքի նման գեղարվեստական հյուսվածքով պատրաստեցին լանջապանակը՝ ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։ 9Քառակուսի և կրկնածալ արեցին լանջապանակը. մի թզաչափ երկարությամբ ու մի թզաչափ լայնությամբ և երկծալ էր։ 10Դրա վրա ամրացվեցին չորս շարք ակնաքարեր։ Առաջին շարքի վրա՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ 11Երկրորդ շարքը կարկեհան, շափյուղա և ադամանդ էր։ 12Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։ 13Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք ամրացված էին ոսկե խորշերի մեջ։ 14Քարերը տասներկու հատ էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների։ Դրանք փորագրված էին կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։ 15Լանջապանակի վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսված շղթաներ։ 16Պատրաստեցին երկու ոսկե խորշիկներ և երկու ոսկե օղակներ. երկու օղակներն ամրացրին լանջապանակի երկու ծայրերին։ 17Երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների մեջ։ 18Հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։ 19Ոսկե երկու օղակներ էլ շինեցին և լանջապանակի ներսի կողմից դրեցին եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։ 20Նաև ուրիշ երկու ոսկե օղակներ շինեցին և դրանք դրեցին եփուդի երկու ուսերի ներքևի մասում՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից։ 21Լանջապանակի օղակները կապույտ մի ժապավենով կապեցին եփուդի օղակներին, որպեսզի եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը չբաժանվի եփուդից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Քահանայական այլ զգեստների պատրաստությունը
(Ելք 28.31-43)
22Եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջությամբ հյուսված կապույտ բրդից։ 23Պատմուճանը մեջտեղի մասում մի բացվածք ուներ, որ նման էր զրահի բացվածքի. բացվածքի շուրջը մի եզերք կար, որպեսզի պատմուճանը չպատռվի։ 24Պատմուճանի քղանցքներին գործեցին կապույտից, ծիրանագույնից և կարմիրից հյուսված նռնածաղիկներ։ 25Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները դրեցին պատմուճանի քղանցքների շուրջբոլորը, նռնածաղիկների միջև. 26մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ, մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ պատմուճանի քղանցքներին՝ շուրջանակի. դա ծառայություն անելու համար, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
27Նրանք նուրբ կտավից հյուսված շապիկներ պատրաստեցին Ահարոնի և նրա որդիների համար։ 28Խույրը՝ նուրբ կտավից և գլխարկի ապարոշները՝ նուրբ կտավից և անդրավարտիքները՝ մանած նուրբ կտավից։ 29Գոտին նույնպես՝ կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից, նկարազարդ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
30Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին, ինչպես փորագրում են կնիքը. «ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ»։ 31Այն կապեցին կապույտ մի ժապավենով, որպեսզի վերևից դրվի խույրի վրա, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
Գործի ավարտը
(Ելք 35.10-19)
32Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։ 33Մովսեսի մոտ բերեցին վրանը, ծածկոցը և դրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, շրջանակները, նիգերը, դրա սյուներն ու խարիսխները, 34խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոցը, թեհաշի մորթիներից պատրաստված ծածկոցը, ծածկող վարագույրը, 35վկայության տապանակը, դրա ձողերը և քավությունը, 36զոհասեղանը և դրա բոլոր անոթները, առաջավորության հացը, 37մաքուր ոսկուց աշտանակն իր ճրագամաններով, այսինքն՝ շարքով դրված ճրագամաններով և իր ամբողջ սպասքով, լույսի ձեթը, 38ոսկե սեղանը, օծության յուղը, անուշահոտ խունկը, մուտքի վարագույրը, 39պղնձե զոհասեղանը և դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը, 40գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար, 41սրբարանում ծառայության համար օգտագործվող ծիսական հանդերձները և Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները, որ քահանայություն անեն։ 42Իսրայելի որդիներն այս բոլոր գործերը կատարեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
43Մովսեսը նայեց ամբողջ կատարվածին։ Եվ ահա այն արել էին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր. այդպես էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 39: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք